Այս էջը սրբագրված է

պետությունների ներկայացուցիչների ձեռքում անարգ գործիքներ են, որ աշխատում են նրանց քաղաքական շահերի համար, որպեսզի խեղճ Թուրքիայի վզին ավելի մեղքեր փաթաթեն։ Այստեղ ծիծաղում են հայերի թեթևամտության վրա, որոնք Ներսեսի «ձեռնածություններից» մի լավ բան են սպասում։ Այստեղ ասում են, թե թուրքից մի նոր բան պահանջելը կատարյալ լրբություն կլիներ հայերի կողմից, թե թուրքը տվել է հայ ժողովրդին ինչ որ պետ է, որից ավելիին նա արժանի չէ։ Եվ եթե մի բան թերի է մնացել, ասում են, թուրքը այնքան բարի է, որ ինքը կբարեհաճի շնորհել, էլ ի՞նչ հարկ կա ձանձրացնել ողորմած կառավարությանը։
— Մի՞թե ամբողջ միաբանությունը այդ սոսկալի տրամադրության մեջ է գտնվում,— գոչեց երիտասարդը բարկությամբ։
Հայր սուրբը իսկույն չպատասխանեց, սենյակից դուրս եկավ, նայեց դեպի դրսի խավարի մեջ, և ներս մտնելով, նստեց իր առաջվա տեղը և բավական մեղմ ձայնով ասաց.
— Մենք բավական անզգույշ ենք խոսում, այստեղ պատերն էլ ականջ ունեն, վանքի հյուրընկալը կենում է հարևան սենյակում, սատանայի հոտառություն ունի, եթե մի բան լսեց, առավոտյան խաբարը կտանե…
— Ես հարցրի առհասարակ միաբանության տրամադրությունը,— կրկնեց Վարդանը, առանց ուշադրություն դարձնելու հայր սուրբի վերջին խոսքերի վրա։
— «Հոսոսները» միայն բացառություն են կազմում, թե չէ, ամբողջ միաբանությունը թուրքամոլ չէ։ Նրանց մեջ կան ազնիվ մարդիկ ազնիվ ցանկություններով, և գուցե պատրաստ կլինեն ամեն զոհաբերություն հանձն առնել Թուրքիայի հայի արտասուքը սրբելու համար, եթե…
— Եթե «հոսոսները» թույլ կտան։
— Այո՛։ Ի՞նչ անեն խեղճերր, նրանք այն աստիճան կաշկանդված են՝ խոսելու անգամ իրավունք չունեն, ուր մնաց գործելու: Այստեղ կա մի Մանկունի, մի կատարյալ հրեշ, որ իր ծանրության ներքո ճնշում է, խեղդում է բոլորին։
— Ես դարձյալ չեմ հասկանում, այս ի՞նչ դժոխային քաղաքականություն է՝ տեսնել մի ամբողջ ժողովուրդ Թուրքիայի բռնակալության ներքո ճնշված, որ մոտ է ոչնչանալու, և դարձյալ պաշտպանել ոչնչացնողին։
— Ինձ համար էլ կատարյալ հանելուկ է այդ, ես էլ չեմ հասկանում,— պատասխանեց հայր սուրբը շվարած կերպով։

328