Այս էջը սրբագրված է

էին պատերազմական մթերքեր տեղափոխելու: Սպասելու ժամանակ չկար, որովհետև թշնամին ետևից հալածում էր: Ով մնաց, զոհվեցավ բարբարոսի անգթությանը: Ով եկավ, կարծեց, թե ազատվեցավ: Բայց այստեղ ևս հանդիպեցան նոր դժբախտությունների, որ ավելի անողորմ են քան թե քուրդը և թուրքը, ինչպես են քաղցածությունը և հիվանդությունը:
— Եվ այդ հիվանդությունը հետևանք էր այն դառն չարչարանքների, որ կրեց ժողովուրդը իր գաղթականության ժամանակ: Ամբողջ շաբաթների ճանապարհը նա պիտի անցներ մի քանի օրվա մեջ, առանց հանգստանալու և առանց մի տեղ կանգնելու: Կին, աղջիկ, երեխա, ծեր և մանուկ, բոլորը գալիս էին ոտքով. խիստ սակավները գրաստ ունեին: Շատերը նվաղեցան, թուլացան և մնացին կես ճանապարհի վրա: Ո՞վ էր ուշադրություն դարձնում ազգականի, բարեկամի մինչև անգամ սիրելի զավակի վրա: Ամենին տիրել էր մի ընդհանուր խռովություն. ամեն մարդ կորցրել էր թե՛ սիրտը և թե՛ զգացմունքը: Ավելացրեք դրա վրա քաղցը, ծարավը և օտար երկրի անսովոր կլիման, և դուք հիվանդությունը շատ բնական կգտնեք։ Թշնամուն չհանդիպելու համար մեզ բերեցին այնպիսի սատանայական և լեռնային ճանապարհներով, որ շատ դժվար էր կնիկների և երեխաների համար անցկենալ։ Եվ այդ էր պատճառը, որ մի քառորդ մասը գաղթականների մնացին ճանապարհների վրա և. բոլորովին ոչնչացան։ Կարճ ասած, շահ Ապասի Սպահան տարած հայ գերիների պատմությունր, որր այնքան սարսափելի գույներով նկարագրում են մեր մատենագիրները, այս գաղթականության հետ համեմատելով, մի շատ հասարակ դեպք պետք է համարել։
Հայր սուրբի ցավալի պատմության ժամանակ Վարդանի միտքը զբաղված էր բոլորովին այլ առարկայով. նա համարյա չէր լսում նրան.— նա մտածում էր իր սիրելի Լալայի մասին: Ախար նա էլ այդ գաղթականների մեջ պետք է լիներ: Նա էլ պետք է ենթարկված լեներ նույն աղետներին, թեև Ջավոն պատմել էր նրան, թե քուրդ բեկի կնոջ՝ Խուրշիդի կարգադրությամբ Լալան տարվեցավ ռուսաց երկիրը, բայց նրա ծառաները խո չէին կարող անցնել ռուսաց սահմանից, որովհետև իրանք քուրդ էին և թշնամի պետության հպատակ: Ուրեմն, Լալային իր եղբոր կնոջ հետ պետք է թողած լինեին գաղթականների խմբի մեջ: Բայց ի՞նչպես գտնել նրանց, արդյոք կենդանի՞ են,— այդ հարցերը սկսեցին տանջել անբախտ երիտասարդին։

331