— Նստի՛ր, որդի՛, այստեղ, ինձ մոտ, ահա այսպես լավ է։ Ի՛նչ լավ տղա ես դարձել, որդի։ Միտդ գալի՞ս է, որ կատվի նման մտնում էիր իմ խուցը և միրգ էիր գողանում։ Այն ժամանակ պստիկ էիր, շատ պստիկ։
— Միտս գալիս է, պապի,— պատասխանեց Վարդանը խորին հառաչանքով.— ես գողությունր այստեղ սովորեցա...
— Ո՞վ չէ գողանում, հիմա ամենքը գողանում են։ Արդարությունը ծիծեռնակի կաթն է դարձել, ոչ մի տեղ չես գտնի։ Երկու օր չկա, որ անիծվածները իմ խուցեն գողացան մի քանի հարյուր ռուբլի: Հոգուս համար էի պահել։ Ի՞նչպես գտան. ես չեմ հասկանում. սատանան էլ չէր կարող գտնել։ Դրել էի առաստաղի տախտակամածի ետևը։ Բայց սատանաները դրանցից պետք է դաս առնեն... Ա՜խ, նզովյալներ, նզովյալներ...
Պապիի սենյակից փողեր գողանալր այնպիսի մի սովորական բան էր, որ շատ չէր կարող հետաքրքրել Վարդանին։ Այդ մոտ հարյուր տարեկան ծերունին իր ամբողջ կյանքում ոչինչ չէր ծախսել, և ձեռք ընկածը հավաքելու ու պահելու սովորություն ուներ։ Երբ նրա գանձը հարյուրների կամ հազարների կհասներ, հանկարծ մի աներևույթ ձեռք կհափշտակեր և կտաներ բոլորր։ Բայց վերջին ժամանակներում հաճախ կրկնվող գողությունները պապիին բավական վարպետ շինեցին։ Նա իր սենյակում հարյուրավոր ծակուծուկ ուներ, և փողերի ամեն մի մասը մի ծակում էր պահում։ Եվ այս պատճառով, երբեք չէր պատահում, որ նրա գանձը մի անգամով հափշտակվեր, թեև ինքը սովորություն ուներ երդվել և հավատացնել, թե բոլորը տարան։
Պապին խիստ տիպական ժլատներից էր, և Վարդանը ճանաչում էր նրան իր մանկության ժամանակից, նրա ժլատությունը միաբանության մեջ լեգենդական նշանակություն էր ստացել։ Պապին համարվում էր հարուստ աբեղաներից մեկը, այն զանազանությամբ միայն, որ ուրիշները իրանց հարստությունը դիզել էի ավելի մթին ճանապարհներով, իսկ պապին սաստիկ խնայողությամբ։
— Փող շատ ես սիրում, պապի, ի՞նչ պիտի անես այսքան փողը։
— Է՜հ, որդի, «աղվես կա, որ ուղտ է կուլ տալից, բայց գայլի անունն է խայտառակ»: Հիմա ո՞վ չէ սիրում փողը, հիմա փողի բազար է, բոլորը փոդի համար են աշխատում:
Նա դողդոջուն ձեռքով ծոցից հանեց քթախոտի տուփը, բաց
335