Այս էջը սրբագրված է

նա չկարողացավ իր արտասուքը զսպել, և պատմեց, թե վեհափառը իր տնկել տված ծառերը այնքան էր սիրում, որքան հայրը կսիրե իր զավակներին։ Երբ գնում էր անտառը, միշտ մի փոքրիկ կտրոց իր մոտ ուներ և իր ձեռքով կտրատում էր ծառերի ավելորդ ճյուղերը։ Եվ նա բոլոր ծառերը ճանաչում էր, և գիտեր, թե տարվա մեջ որը որքան է մեծացել։ Այդ տեսնելով վեհափառը ուրախանում էր, որպես հայրը, նայելով իր մանուկի աճող հասակին ուրախանում էր և այլն։
Վարդանը նկատելով, որ այդ պատմությունը շատ երկար կձգվի, կամենում էր հեռանալ։
— Ականջդ մոտ բեր, Վարդան,— ասաց պապին։
Վարդանը ականջը մոտ տարավ և լսեց հետևյալ խոսքերը.
— «Շուտ հեռացիր այստեղից, որդի, քեզ վրա խորթ աչքով են նայում»։
— Ինձ այստեղ դեռ ոչ ոք չի տեսել, պապի։
— Բավական է, որ մեկը տեսել է։ Ես վատ բաներ լսեցի քո մասին։
— Ձեր ականջներր խո լավ չեն լսում, պապի, ի՞նչպես լսեցիր:
— Պապիի ականջները այն ժամանակ միայն վատ են լսում, երբ խոսքը իրան ձեռնտու չէ, բայց պետքական խոսքը նա իսկույն լսում է։
Վարդանը ծիծաղեց և հեռացավ։
Պապին նրա ետևից կանչեց.
— Լսի՛ր, Վարդան, եթե քաղաքը գնալու լինիս, չմոռանաս ինձ համար մի քիչ բուռնոթի ուղարկել։ Դու խո տեսար, որ տուփս դարդակ էր։
Այդ միջոցին հայտնվեցան Մելիք-Մանսուրը Հովհաննես հայր սուրբի հետ:
— Ի՞նչ էիր խոսում պապիի հետ,— հարցրեց վերջինը։
— Նա միակ ազնիվ մարդն է այստեղ,— պատասխանեց Վարդանը, և դառնալով Մելիք-Մանսուրին, ասաց.
— Ես կցանկանայի ձեզ հետ առանձին խոսել, դուք ունեք այստեղ որևիցե ծանոթ տուն։
— Ունեմ։
Վարդանը ոչ թե պապիի խոսքերից կասկածի մեջ ընկավ, այլ առհասարակ աշխատում էր իրան հեռու պահել վանքից։ Բացի դրանից, նա անհանգիստ էր Լալայի մասին, պետք էր գտնել նրան,

337

22 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. III