Այս էջը սրբագրված է

կարելի է տեղեկանալ ծերունի Խաչոյի ընտանիքի որտհղ լինելու մասին,— այդ ուրախալի հույսը բավական հանգստացրել էր նրան: Նա մտածում էր, թե այղ տեղեկություններով կարող է գտնել Լալային, և իր սիրով կթեթևացնե նրա պանդխտության տառապանքները։
Բայց այդ՝ սիրտ խոցոտող կսկիծների առժամանակյա բթություն էր միայն, երբ վշտերը գուլանում են, և սրտի վերքերին տիրում էր րոպեական թմրություն։
Տունը, ուր տանում էր նրան Մելիք–Մանսուրը, գտնվում էր Վաղարշապատի հին փողոցներից մեկի մեջ։ Շինվածքները թեև մանր էին և խիստ աղքատ, բայց որպես առհասարակ Վաղարշապատի տները, ունեին ընդարձակ բակեր, որ հովանավորված էին պտղատու ծառերով։
— Դու շատ գոհ չես լինի, — ասաց ճանապարհին Մելիք-Մանսուրը,— եթե գիտենաս, թե որտեղ եմ տանում քեզ։
— Ինձ համար միևնույն է,— պատասխանեց Վարդանը անփույթ կերպով։— Ես միայն ցանկանում էի մի քանի տեղեկություններ ստանալ պարոն Սալմանի մասին։ Այնտեղ խո մեզ խանգարող չի՞ լինի։
— Ոչ ոք։
Փոքրիկ դռան մուրճը զարկեցին, մի պառավ կին բաց արեց դուռը։ Նրանք ներս մտան և դուռը կրկին փակվեցավ նրանց ետևից։
— Ա՛յ նանի, քեզ համար մի նոր հյուր եմ բերել,— ասաց Մելիք-Մանսուրը։
Պառավը մի խորամանկ հայացք ձգելով Վարդանի երեսին, պատասխանեց:
— Աչքիս վրան…
— Դե շուտ, նանի, մեզ համար մի շիշ գինի, սաստիկ ծարավ ենք,— ասաց Մելիք-Մանսուրը։ Եվ մոտենալով, ավելացրեց.— Հոգիդ կհանեմ, եթե մի ուրիշ մարդ ներս ես թողել։
Պառավը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և հեռացավ:
Երկու երիտասարդները մտան մի փոքրիկ, բայց բավական մաքուր սենյակ, որ կահավորված էր կիսաասիական և կիսաեվրոպական ճաշակով, և նստան փոքրիկ սեղանի մոտ, միմյանց հանդեպ։ Քանի րոպեից հետո մի մանկահասակ կին հուշիկ քայլերով ներս մտավ և լռությամբ դրեց սեղանի վրա մի շիշ գինի, երկու բաաժակի հետ, և նույնպես լռությամբ հեռացավ։ Նրա գլխի հայկական

339