Այս էջը սրբագրված է

պտուղներով, կերակրվում էր աստուծո ճոխ սեղանից, որ սփռել էր նրա առջև հրաշալի բնությունը։
Դա մի ուրիշ դրախտ էր, մի դրախտ, որ մարդն է ստեղծում իր համար իր աշխատություններով և իր արդար վաստակով։ Ուր անմեղության տեղ տիրում էր խելացի գիտակցությունը, իսկ անհոգ, պարզ նահապետական կյանքի տեղ՝ զարգացած քաղաքակրթությունը։
Այժմ, կարծես, կատարվել էր այն ճակատագրական խոսքերի իմաստը, որ ասաց արարիչը նախաստեղծ մարդուն. «Քո ճակատի քրտինքով պետք է վաստակես քո հացը»։ Այժմ մարդը ոչ միայն աշխատում էր, այլ մինչև անգամ հեշտացրել էր աշխատանքը և նրա համար շատ քրտինք չէր թափում։ Բայց աշխատում էր իր բարօրության համար. նրա վաստակը չէր հափշտակվում անգութ հարստահարիչի ձեռքով։
Ահա՛, Վարդանը տեսնում էր մի գյուղ։ Մի՞թե դա Ալաշկերտի ... գյուղը չէր։ Շրջակայքը նրան ծանոթ էին, նույն լեռները, նույն բլուրները, նույն գետը, նույն կանաչազարդ հովիտը — բոլորը նույնն էր։ Դարերի հոսանքը այստեղ չէր աղարտել, միայն կերպարանափոխել էր։ Բայց ո՞րքան փոխվել էր գյուղը։ Այլևս չէին տեսնվում այն ողորմելի գետնափոր խրճիթները, որոնք ավելի գազանների որջի էին նման, քան մարդկանց բնակարանների։ Այժմ տները քարաշեն էին, սպիտակ որպես ձյուն, և շրջապատված էին գեղեցիկ պարտեզներով։ Լայն և ուղիղ փողոցները հովանավորված էին մշտականաչ ծառերով, որոնց մոտով վազում էին բյուրեղի նման հստակ առվակներ։
Առավոտ էր։
Տներից խումբերով դուրս էին գալիս գյուղական մանուկները, առողջ, զվարթ և մաքուր հագնված։ Տղա և աղջիկ, խառն միմյանց հետ, գրքերը ուսներին շալակած, շտապով դիմում էին դպրոցը։ Վարդանը նայում էր իրանց վրա և հիանում էր։ Ո՜րքան լավ պահված էին այդ սիրուն երեխաները, ո՜րքան ուրախ էին նրանք։ Երևի, դպրոցը և վարժապետը չեն վախեցնում նրանց է Մի՞թե դրանք այն կիսամերկ և հիվանդոտ երեխաներն էին, որոնց տեսել էր Վարդանը։
Վարդանը միայնակ կանգնած էր փողոցի մեջ, զարմացած նայում էր իր շուրջը և չգիտեր դեպի ուր գնալ։ Նրա ականջին զարկեց մի անուշ ձայն, դա եկեղեցու զանգակի ձայնն էր։ Երևի աոավոտյան ժամը դեռ չէր վերջացել։ Սկսյալ այն օրից, որ նա

353

23 Երկերի ժօղովածու, հ. III