Այս էջը սրբագրված է

այն ինչ որ պահանջում է մարմինը, ինչ որ պահանջում է իրական կյանքը»։
Աղոթքը վերջացավ: Բոլոր բազմությունը՝ այր և կին, ծեր և մանուկ, միաձայն սկսեցին երգել մի երգ: Նրա բովանդակությունը առած էր Սաղմոսի հետևյալ տողերից, «շատերը ասում էին, թե ո՞վ ցույց կտա մեզ տերի բարությունը: Մեզ վրա ծագեց քո երեսի լույսը և մեր սրտերին ուրախություն շնորհեցիր: Ցորենի, գինիի և ձեթի պտուղների առատությունով լիացրիր մեզ»:— «Դարձյալ նույն նյութական նպատակը...—մտածում էր Վարդանը,– դարձյալ հոգեկան ոչինչ չկա... Մշակ մարդը երգում երկրի առատությունները, որ մշակել էր իր ձեռքով, որ շնորհել էր նրան աստված, Զարմանալի է, ի՞նչպես այդ մարդիկը հարմարացրել են կրոնի վերացականությունը իրական կենցաղավարության պահանջների և պայմանների հետ»...
Բայց ի՞նչ գեդեցիկ երգ էր այդ, որին ներդաշնակում էին երգեհոնի անուշ հնչյունները, ո՜րքան քաղցր, ո՜րքան սքանչելի եղանակով թռչում էր նա հարյուրավոր մարդկանց բերանից։ Վարդանին այնպես էր թվում, թե մարդերի ձայնը, միացած անթիվ սերովբեների մեղեդիների հետ, վերամբառնում էր դեպի հավիտենական աթոռը։ Նա իր կյանքում առաջին անգամն էր լսում մի այսպիսի սրբազան երաժշտություն։
Ժամերգությունը վերջացավ։ Ժողովուրդը սկսեց դուրս գալ եկեղեցուց։ Այժմ նույն ամբիոնի վրա, որտեղից քահանան քարոզ էր կարդում, կանգնեց վարժապետը և նույն նստարանների վրա, ուր ծնողները երգում էին, աղոթում էին, այժմ շարվեցան նրանց զավակները։ Աղջիկ և տղա, խառն միմյանց հետ սկսեցին լսել վարժապետի դասախոսությունը։— «Մի՞թե այդ դպրոց է եղել,— մտածում էր Վարդանը,— մի՞թե եկեղեցին միացրել են դպրոցի հետ։ Ա՜խ, այդ ի՞նչ խնայող մարդիկ են, որ չեն կամեցել դպրոցի համար առանձին շենք կառուցանել։ Այստեղ ևս դարձյալ նյութականություն»։
Բայց վարժապետի դեմքը բավական ծանոթ էր երևում Վարդանին։ Մի՞թե դա տեր-Մարուքը չէր։ Երեսի գծագրությունը, հասակը և մինչև անգամ ձայնը նրան շատ նման էին։ Ւսկապես նա էր, թեև քահանա, բայց աշխարհականի հագուստով։ Վարդանը դժվարանում էր իր աչքերին հավատալ։ Մի՞թե դա այն մարդն էր, որ այնքան թշնամի էր դպրոցին, որ այնքան հոգսեր և ցավեր պատճառեց պարոն Սալմանին, իսկ այժմ ինքը կառավարում էր

355