Այս էջը սրբագրված է

— Բայց շատ թանկ պիտի նստի իմ վրա այդ գեղեցիկ ընծան, — վերջացրեց բեկը իր պատմությունը։
— Ի՞նչպես, — հարցրեց տանուտերը։
— Միթե չե՞ս իմանում, ամենափոքրը՝ պետք է հարյուր ոսկի պարգևել վալիի ծառային, որ բերել է այդ ձին։
Տանուտերը այժմ հասկացավ բեկի «փորացավը», թե ինչ մտքով էր եկել իր տունը։ Բայց որպես ասում են, «խոսքը կտուր գցելով», պատասխանեց․
— Ինչ կա, — ավելացրեց, — հարյուր ոսկին շատ չէ մի այդպիսի ձիու համար։
— Քրդին ով է տվել փող, — ասաց բեկը մի փոքր բարկացած ձայնով, — այդ անիծած արծաթը ձեր, հայերիդ մոտ է գտնվում միշտ։
Բեկի մոտ նստած ազգականները, որ բոլոր ժամանակ լուռ էին, խոսակցության մեջ մտան։ Նրանցից մեկը ասաց․
— Դուք էլ մի՞թե փողի դարդ եք քաշում, բեկ, քավոր Խաչոն ե՞րբ է թողել, որ դուք փողի կարոտություն ունենաք։
— Աստված վկա է, որ այդպես է, — ասաց մյուսը։
— Քավոր Խաչոն շատ լավ մարդ է, — ավելացրեց երրորդը, — նրա հատը բոլոր հայերի մեջ չկա։
Ծերունի Խաչոն նկատեց, որ հակառակ իր հաճության և կամքին, իր վզին դրեցին հարյուր ոսկին, և կասկածանքի տեղիք չտալով, պատասխանեց․
— Ես հազար ոսկու համար ևս բեկի սիրտը չեմ կոտրի։
— Շեն մնա ձեր տունը, — ձայն տվեցին քրդերը։
Տանուտերը վեր կացավ, և դուրս գալով օդայից, իր մոտ կանչեց մեծ որդուն և ասաց, որ ծածուկ գնա հարդանոցում թաքցրած ոսկիներից հարյուր հատ բերե։
— Ինչի՞ համար է, — հարցրեց որդին։
— Դու չե՞ս իմանում, որ անօրենները եկան, կերան, խմեցին, հիմա պետք է մի «դիշքիրասի» էլ տանք, — պատասխանեց հայրը տխուր ձայնով։
— Աստված ձեր քոքը (արմատը) կտրե, անիծածներ, — ասաց որդին, և քթոցը վեր առնելով, դիմեց դեպի հարդանոցը, որպես թե գնում է հարդ բերելու։

«Դիշքիրասի» նշանակում է ատամների վարձ, մի այսպիսի վարձ ստանում էին քրդերը մի ժամանակ, երբ շնորհ էին անում հայի հացը ուտել, կամ նրա տանը հյուր լինել։ Հյուրընկալը պարտավոր

107