տիրապետությունը, կրկին ապստամբվեցավ և միացավ Սմայիլ Փաշայի զորքերի հետ։ Գեներալ Տեր-Ղուկասովը, երևանյան զորաբաժնի հրամանատարը, այդ միջոցում գտնվում էր Զեյդեգանի և Դալի-Բաբայի մեջ, և իր փոքրաթիվ գունդերով քաջությամբ պատերազմում էր Մուխթար փաշայի հինգ անգամ ավելի ուժի դեմ։ Նա, երևի, տեղեկություն չուներ, թե ինչ էր պատահել դժբախտ Բայազեդի հետ, որին թողել էր բերդապահ (կոմենդանտ) Շտոկվիչի պահպանության ներքո։
Գիշեր էր։
Կիսալուսնի եղջյուրը դեռ նոր չքացել էր հորիզոնից, թողնելով իր ետևից մթին խավար։ Կարծես, այդ խավարը, այդ մութը ավելի ախորժ լիներ պաշարվածների համար։ Կարծես, լուսինը, տիեզերքի սիրելին, իր արծաթափայլ ճառագայթներով մատնում լիներ նրանց։ Բայց գիշերի մթությունը դարձյալ չկարողացավ արգելք լինել բարբարոսների կատաղի հարձակմանը։ Բայազեդի միջնաբերդը, որպես մի մռայլ կետ, անորոշ կերպով նկարված էր բլուրների բարձրավանդակի վրա։ Եվ ամեն կողմից կրակը մաղվում էր այդ կետի վրա, և ամեն կողմից թնդանոթների ռումբերը և հրազենների գնդակները կարկտի նման թափվում էին այնտեղ։ Բերդը մռնչում էր, որպես մի վիթխարի գազան, որին ամեն կողմից հարվածում էին։ Նա դեռևս համառությամբ մաքառում էր օրհասի և մահվան դեմ։ Նա վճռել էր մեռնել, բայց փառքով մեռնել։ Մոտ 1000 ռուս զինվորներ, նույն չափով հայ և թուրք կամավորների հետ, կռվում էին Սմայիլ փաշայի քսան հազարի դեմ։ Բերդից խիստ սակավ էին պատասխանում, որովհետև հրազենների պաշարը խնայում էին, որը սպառվելու մոտ էր։ Միայն երբեմն արձակում էին մի կամ երկու թնդանոթ, որոնց բերանը դարձնում էին այն կողմը, ուսկից հայտնվում էր թշնամու կրակը։
Նույն գիշերը, բերդի խարխուլ շինվածքներից մեկի մեջ, որ մի ժամանակ ծառայում էր որպես զինվորանոց, և ռուսների տիրելուց հետո, օսմանցիները թողել էին կիսավեր և հեռացել,— նույն գիշերը այստեղ գետնի վրա տարածված էր մի բազմություն, մի ուժաթափ, և ուշակորույս բազմություն, որ սարսափելի տագնապի մեջ ներկայացնում էր կատաղության բոլոր զարհուրանքը։
— Մի կաթիլ ջո՜ւր․․․ նվաղեցա ծարավից․․․— լսվում էին զանազան դառն հառաչանքներ։
— Մի պատառ հա՜ց․․․ մեռնում եմ սովից․․․— աղաղակում էին զանազան խուլ ձայներ։
72