Այս էջը սրբագրված է

էր վճարել, եթե չտար, գուցե կենթարկվեր իր հյուրի անգութ գանահարությանը։ Այժմ թեև այդ սովորությունը մասամբ վերացել էր, բայց ոսկիներ դարձյալ ստացվում էին, միայն ստանալու եղանակը փոխվել էր և ավելի քաղաքավարի ձև էր ստացել։ Մինչև ծերունու դառնալը, հյուրանոցում քրդերի մեջ անց էր կենում հետևյալ խոսակցությունը․
— Եթե չբերե ծերուկը ոսկիները, ես կհրամայեմ այս րոպեիս նրա տանը կրակ տան,— ասաց բեկը կատաղած կերպով։
— Հարկավոր չէ,— հանգստացնում էր նրան ազգականներից մեկը,— Խաչոն բարի հայ է, հարկավոր չէ նրան վշտացնել։ Նրա դուռը միշտ բաց է եղել մեր առջև, և ինչ որ կամեցել ենք, տարել ենք։ Խաչոն լավ մարդ է, պետք չէ նրա աղ ու հացը մոռանալ։
Նույն միջոցին ներս մտավ ծերունին և ոսկիների քսակը դնելով բեկի առջև, ասաց․
— Աստված է վկա, որ հոգուս համար էի պահել, որ Երուսաղեմ ուխտ գնամ և մուղդուսի դառնամ, բայց ձեր խաթրը չկոտրեցի, բեկ։
— Սուտ մի՛ խոսիր, քավոր Խաչո, շա՛տ ունես, շա՜տ, այդ ես իմանում եմ, — պատասխանեց բեկը, վեր առնելով քսակը և առանց համբարելու, իր գրպանը դնելով։
Երեկոյան զով ժամանակն էր արդեն։ Բեկը հրամայեց ձիաները պատրաստեն, որ ճանապարհ ընկնի։ Նա դուրս եկավ օդայից և բակում տանուտերի հետ ման էր գալիս, մինչև ամեն ինչ կպատրաստեին։ Նա տեսավ Ստեփանիկին, որ այծյամի հետ խաղում էր։ Մոտեցավ նրան։
— Լա՞վն է, — հարցրեց նրանից։
— Լավն է, բայց այդ մեկ ոտը շները կծել են, վիրավորվել է, այդ ոչինչ, ես կբժշկեմ։ Խեղճ անասուն, երևի, ցավում է, դրա համար ոչինչ չէ ուտում, — պատասխանեց պատանին, կապելով այծյամի վերքը։
— Ստեփանիկ, ես տեսնում եմ, դու անասուններ սիրում ես, դրա համար ես կուղարկեմ քեզ իմ նորահաս քուռակներից մեկը։
— Ձիաներ չեմ սիրում։
— Ապա ի՞նչ ես սիրում։
— Ահա այսպիսի այծյամներ, եղջերուներ, կաքավներ եմ սիրում։
— Շատ լավ, դրանից հետո իմ որսերից որն կենդանի մնացած կլինի, քեզ համար կուղարկեմ։

108