Այս էջը սրբագրված է

հետ։ Փոքրիկ մանուկները խաղալուց հոգնած, վաղուց քնած էին, առանց մի բան ուտելու։
Ընթրիքից հետո ծերունի Խաչոյի որդիները գնացին իրանց բանին։ Նրանք դեռ շատ գործ ունեին կատարելու, պետք էր անասուններին նայել, պետք էր արտը ջրել, որովհետև այս գիշեր ջրի հերթը նրանց էր պատկանում․ պետք էր ջրաղացը գնալ ալյուր աղալու համար, մի խոսքով, հազար ու մեկ գործեր կային։
Սեղանը վեր քաղեցին։ Խաչոն դեռ նստած էր, իսկ նրա մեծ որդին, Հայրապետը, որ մնաց հոր մոտ, չիբուխ էր պատրաստում նրա համար։ Հոր և որդու մեջ տիրում էր խորին լռություն։ Կարծես այս գիշեր տխրության դևը իր սև թևքերով նստած լիներ այդ խաղաղ ընտանիքի սրտի վրա։
— Ո՞րքան ալյուր տարան քրդերը, — հարցրեց հայրը չիբուխը փոքր ինչ ծխելուց հետո։
— Ուղիղ տասն և երկու բեռն, — պատասխանեց որդին վրդովված ձայնով։
— Ինքը բեկը ախար տասն բեռ խնդրեց։
— Ջվալները իրանց հետ էին բերել, շատ մեծ էին, մինչև բերանները լցրին, կարծես, փողը նաղդ էին տվել անիծածները։
— Ո՞ւմ եզներով տարան։
— Մեր եզներով․ փառք տվեք աստծուն, երբ գոնե եզները կդարձնեն։ Ես վախենում եմ, որ եզներին էլ ալյուրի հետ ուտեն։
— Այդպիսի անազնվություն չի անի բեկը։
— Քրդին ազնվություն ո՞վ է տվել։ Միթե քի՞չ է պատահել, որ բեռն էլ տանող անասունի հետ կուլ են տվել։ Ես իրավն ասեմ, այնքան չեմ ցավում այնօրվա հարյուր ոսկու համար և տասներկու բեռ ալյուրի համար, բայց ինձ այն է նեղացնում, որ ձրի հաց ենք տալիս և այդ հացը մեր ձեռքով, մեր անասուններով պետք է տանենք և հասցնենք նրանց տանը, որ վայելեն։ Այդ ի՞նչ աստուծո պատիժ է։ Ես չեմ իմանում մինչև ե՞րբ այդ քրդերը մեզ թալանեն։ Գալիս են, տանում են ու տանում են, և տարածը ետ չես կարող առնել։ Միշտ ուզում են, միշտ ուզում են, ոչ ամոթ ունեն և ոչ խղճմտանք։ Կարծես, մեզ աստված նրանց համար կերակրող է ստեղծել։
— Դու չե՞ս իմանում, որ այդպես է, — պատասխանեց ծերունին, ավելի թունդ կերպով ծխելով իր չիբուխը, կարծես թե աշխատում էր նրա ծխով խեղդել սրտի բարկությունը։ — Ի՞նչ կարող ենք անել, որդի, եթե մեր կամքով, մեր ձեռքով չտանք, նրանք

110

110