Այս էջը սրբագրված է

պետք է գիտենալ։ Դու տեսնում ե՞ս ոչխարներին, այսքան մորթում են, այսքան փչացնում են, բայց դարձյալ նրանք աճում են, բազմանում են և ահագին հոտեր են կազմում։ Իսկ գայլը, թեև կեղեքում է, ուտում է ոչխարներին, բայց միշտ քաղցած է մնում, և երբեք չէ բազմանում։ Դու տեսե՞լ ես գայլերից մի հոտ։ Գայլը գազան է, այսօր հափշտակեց մի ոչխար, կերավ, կշտացավ, էգուց չգիտե, թե ինչով պետք է կերակրվի։ Նա պետք է միշտ որսա, բայց որսը ամեն անգամ չէ պատահում։ Որսով ապրողը մի օր կուշտ է լինում, մյուս օրը քաղցած։ Քուրդը — գայլ է, իսկ մենք — ոչխար։
Այսպես էր բացատրում ծերունին իր լեզվով այն բանը, որ գիտնականների լեզվում կոչվում է «կուլտուրական խաղաղ, անարյուն մրցություն»․․․
Որդին պատասխանեց նրան․
— Ես կարծում եմ, հայր, եթե ոչխարները հովիվներ և պահպանողներ չունենային, այսօր գայլերը ոչ մի ոչխար չէին թողնի աշխարհում, և դժվար կլիներ ոչխարներին հոտեր կազմել։ Մենք, իրավ է, ոչխարներ ենք, բայց առանց հովիվի։ Երբ մեր վիճակը այդպես է, մնում է մեկ բան միայն գայլերից ազատվելու համար — որ մենք էլ գայլերի նման ատամներ և ճանկեր ունենանք․․․

Թ

Արզրումից դեպի Բայազեդ տանող ճանապարհի մի կողմում, որ միակ քարավանի ճանապարհն է Տրապիզոնից Պարսկաստան, մի ձորի մեջ զետեղված էին քրդերի մի առանձին ցեղի չադրները։ Չադրների բազմությունից, որ ծածկել էին մի գեղեցիկ, կանաչազարդ դաշտի մեծ մասը, կարելի էր նախագուշակել ցեղի քանակության մեծ թիվը։ Ձիաների երամակներ, ոչխարների հոտեր, կովերի նախիրներ, սփռված շրջակա լեռների վրա, ցույց էին տալիս, որ այդ հովիվ ժողովուրդը վայելում էր հարստության հետ և բարօրություն։

Վերադառնալով ծերունի Խաչոյի տնից, բոլորովին մութն էր, երբ Ֆաթթահ-բեկը իր խմբով հասավ հիշյալ չադրներին, որոնց մեջ բնակվող ցեղի պետը և գլխավորն էր ինքը։ Մի քանի վրանների առջև դեռ վառվում էին գիշերային խարույկները կաթ տաքացնելու

115