չէ, նրա ժամանակը իրան չէ պատկանում։ Վալին ժամանակ նշանակեց, որ տասն օրից ավել չուշանամ։
— Ես կգրեմ վալիին, որ ինքս ուշացրի ձեզ․ դուք խո իմանում եք, թե նա որքան պատվում է իմ խոսքը։
— Այդ ես իմանում եմ, վալին ձեզ իր երկու աչքերի հետ չի փոխի․ ձեր խոսքը նրա մոտ մարգարիտի գին ունի։ Նա ամենի մոտ ասում է, թե սուլթանը Ֆաթթահ-բեկի նման քաջ և հավատարիմ ցեղապետ չունի, և այդ պատճառով առաջարկել է ձեզ համար մաջիդիեի առաջին կարգի շքանշանը։
Բեկը արհամարհական ժպիտ գործեց իր այրական դեմքի վրա և պատասխանեց.
— Ես այդ շքանշան ասած բաները չեմ սիրում, կնիկների զարդարանք են, և ավելի ոչինչ։
— Ապա ի՞նչ եք սիրում։
— Ես սիրում եմ ոսկի մաջիդիաներ[1]։
— Այդ էլ կլինի, բեկ, վալին մեծ շնորհ ունի ձեզ վրա։ Տեսա՞ք, նա նշանակել տվեց ձեզ համար ռոճիկ, որ այժմ ստանում եք արքունի գանձից, որպես սահմանապահ և այս կողմերում խաղաղություն պահպանող։ Նա ընդունեց ձեր խնդիրքը, որով ցանկանում էիք, որ այս կողմերում ոչ մի մուդիր և գայմադամ չլինի, այլ բոլոր վարչությունները հանձնվին ձեր կառավարությանը։ Վերջապես ինչ որ պահանջել եք, կատարել է նա, և մի անգամ ևս ձեր խոսքը գետին չէ ձգել։
— Ես շնորհակալ եմ վալիից։
Այդ խոսակցության միջոցին բեկի ծառաները վրանի շուրջը պատած, և գետնի վրա նստոտած, զվարճանում էին բոլորովին այլ տեսակ խոսակցություններով։ Յուրաքանչյուրը պատմում էր իր կատարած քաջագործությունները, թե քանի մարդ է սպանել, որքան ավազակություններ է արել և որքան կնիկներ է փախցրել և այլն։
— Օսմանը իր գլխի մազերի համբարքով ոչխար է գողացել, — ասում էր Օմարը։
— Իսկ դու, Օմար, շատ բարի պտուղ չես, — պատասխանում էր նրան Օսմանը, — ես որքան ոչխարներ եմ գողացել, դու այնքան հայի աղջիկներ ես փախցրել։
- ↑ Մաջիդիա և՛ շքանղանի, և՛ դրամի անուն է։
117