Այդ ողորմելիները մի ամբողջ շաբաթ համարյա ոչինչ չէին կերել, ոչինչ չէին խմել։ Պաշարումը այն աստիճան շուտափույթ և անակնկալ կերպով կատարվեցավ, որ բերդի մեջ բավական պաշար վեր առնելու ժամանակ չգտան։ Այժմ պաշարվածները ստիպված էին պատերազմել երեք հզոր ոսոխների դեմ․ ներսից՝ սովի և ծարավի դեմ, իսկ դրսից՝ թշնամու կրակի դեմ։
Ամսի 8-ից զինվորները զրկվեցան տաք կերակրից։ Բերդապահի ձին և արտիլերիայի ձիաները բոլորը մորթել և կերել էին։ Ձիաների գարին մնաց զինվորների համար, որը նույնպես սպառվեցավ։ Վերջապես ուտեստը այն աստիճան նվազեցավ, որ յուրաքանչյուր զինվորին տալիս էին օրեկան 1/8 ֆունտ կամ 4 լոտ պաքսիմաթ և մի-մի գդալ ջուր։ Իսկ հունիսի տոթը այդ ժամանակ անտանելի էր։ Հիվանդանոցում հիվանդների վիճակը, ուտելու և խմելու կողմից, շատ չէր զանազանվում առողջներից։
Բերդի մեջ ջուր չկար։ Բերդից դուրս, 300 քայլ հեռավորության վրա գտնվում էր մի աղբյուր, որը փակել էին թուրքերը։ Ամեն գիշեր փորձում էին ցած իջնել բերդից ջուր բերելու համար, բայց 20-30 գնացողներից շատ անգամ մեկն էլ չէր վերադառնում։
— Հա՜ց․․․ ջո՜ւր․․․— կրկին լսելի եղան օրհասական հառաչանքները։
Ահա կրկին և կրկին որոտաց թնդանոթի բոմբյունը և խլացրեց թշվառականների ձայները․․․
Այդ այն րոպեներից մեկն էր, որ մարդը կորցնում է իր կարեկցությունը դեպի ընկերը,— կորցնում է, որովհետև ոչինչով օգնելու հնար չունի։ Այդ պատճառով, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում սովյալների վրա, ոչ ոք հոգ չէր տանում ծարավիներին։ Ամեն մարդ, ընդհանուր խռովության մեջ, սպասում էր մի վճռական րոպեի, երբ թշնամին հեղեղի նման ներս կթափվեր, և սուրը ձեռքում կհանդիպեին իրանց պատվավոր վախճանին։
Միջնաբերդի ներսից, պատսպարված վերնապարսպի ետևում, շուրջանակի շարված էին պահապան զինվորներ, և հրացանների համար բացված ծակերից դիտում էին թշնամու շարժումը։ Նրանք չէին համարձակվում գլուխները վեր բարձրացնել պարսպից։ Բերդի չորս կողմի բարձրավանդակներից անխնա նետում էին, և գնդակները շվշվալով սլանում էին աջ ու ձախ, զարկելով պահապանների երեսին մի անախորժ տաք օդ։
Այստեղից տեսնվում էր քաղաքը, որ ներկայացնում էր մի սոսկալի տեսարան։ Նա լուսավորված էր, կարծես, մի մեծ տոնախմբության
73