Այս էջը սրբագրված է

իրանց անասունների հետ գնացել են յայլաղ[1]․ մնացել են մի քանի հայի ընտանիքներ, նրանք էլ կույր հավի նման, հենց որ մութը պատում է, երկյուղից իրանց խրճիթներից դուրս չեն գալիս, փակվում են, գլուխները դնում, քնում են։
— Ո՞րտեղ պահեցիք ապրանքները։
— Ալոյի տանը, ասացի, այդ հին գայլի տան մեջ հարյուրավոր ծակեր կան, մեկի մեջ լցրեցինք, դռները կողպեցինք։ Սատանան էլ չի կարող գտնել։ Ահա բանալիները բերել եմ հետս, — ասաց նա և տվեց բեկին երկու բանալիներ։
— Ալոն մեր հավատարիմն է, վնաս չունի, — նկատեց բեկը, — առաջին անգամը չէ, որ նա այսպիսի ծառայություններ է անում մեզ։
Վերջացնելով իր կարգադրությունների պատմությունը, Կրպոն սկսեց նկարագրել, թե որպես հարձակվեցին քարավանի վրա, որպես կողոպտեցին, ով ինչ քաջություններ գործեց և այլն։
— Շատ ապրես, Կրպո, ես քո քաջությունները միշտ գնահատել եմ, — պատասխանեց բեկը։ — Երբ այդ անպիտանին կհեռացնենք այստեղից (խոսքը մուդիրի մասին էր), ես կբաժանեմ կողոպուտը և ձեզանից ամեն մեկը կստանա իր արժանավոր բաժինը։
Կրպոն գլուխ տվեց և ոչինչ չխոսեց։
— Բայց ինձ տանջում է մի միտք, — առաջ տարավ բեկը ծանրությամբ, — ես կցանկանայի, որ այդ գործը չկատարվեր, քանի որ այդ մարդը այստեղ էր։
— Մուդիրի համա՞ր ես ասում։
— Այո՛, մուդիրի համար։
— Մեծ ցավ չէ, — խոսեց Կրպոն ծիծաղելով, — մենք մուդիր էֆենդիին այստեղից փառքով և ընծաներով ճանապարհ կդնենք, այնպես որ, նա շատ գոհ կգնա մեր մոտից։ Բայց ետևից երկու ձիավոր կուղարկենք, դեռ Արզրում չհասած, գլուխը կկտրեն և մեր տված ընծաները ետ կբերեն։ Եվ մուդիր էֆենդին էլ չէ կարող գնալ վալիի մոտ, որ պատմե, թե ինչ տեսավ այստեղ։ Լա՞վ եմ մտածել։
Բեկը իսկույն չպատասխանեց, նա լուռ մտածում էր։
— Սպանությունը, իհարկե, կկատարվի մեր երկրի սահմաններից դուրս, Արզրումի մոտակայքում, — ավելացրեց Կրպոն, — այն ժամանակ մեղքը մեզանից հեռու կլինի, ոչ ոք չէ կարող կասկածել մեր մասին։

  1. Յայլաղ նշանակում է անասուններ, արածացնելու տեղ, արոտատեղ։

123