— Հարկավոր չէ, — պատասխանեց բեկը րոպեական մտածությունից հետո, — եթե վալիին տեղեկություն տան, ես նրան ուրիշ կերպով կգոհացնեմ և նա սուս կկենա․․․
Կրպոն, որպես թե մի նոր բան միտը բերելով, ձեռքը տարավ իր լայն ծոցը և այնտեղից դուրս բերեց թաշկինակի մեջ փաթաթած մի արծաթե արկղիկ, որը զարդարած էր գեղեցիկ քանդակներով։ Արկղիկը տվեց բեկին, ասելով․
— Այդ բանը չթողեցի, որ Ալոյի տանը մնար, փոքր էր, կարող էր կորչել։
Բեկը բաց արեց արկղիկը, նրա մեջ իրանց պատշաճավոր տեղերում դարսված էին զանազան տեսակ կանացի զարդեր՝ մատանիներ, ապարանջաններ, մանյակներ — բոլորը ոսկուց և զարդարած թանկագին քարերով։
— Դրա տերը մի հրեա էր, ասում էր, որ այդ իրեղենները Պոլսում շինել է տվել մի պարսիկ իշխանի համար, որը այս ձմեռ պետք է հարսանիք աներ,— խոսեց Կրպոն ծաղրական կերպով։ — Խեղճ հարսը զրկվեցավ իր զարդարանքից։ Հրեան շատ էր ճվճվում, որ իրեղենները նրան ետ տան․ ես նրան հանգստացրի, որ ձայնը կտրի։
Հանգստացնելը Կրպոյի լեզվում սպանելու նշանակություն էլ ուներ։
— Հիմա կարող ես գնալ, Կրպո, — հրամայեց բեկը, — հյուրերիդ լավ պատիվ տուր։ Առավոտյան կմտածենք, թե ինչ պետք է անել։
Ավազակապետը գլուխ տվեց և հեռացավ։
Ընթերցողը նկատեց, որ Կրպոն նույն իսկ ավազակապետն էր, որ վաճառականների քարավանը կողոպտել էր, իսկ այժմ հյուրասիրում էր նրանց։ Եվ ավազակների այդ խումբը պատկանում էր Ֆաթթահ-բեկին, որի օգնությանը և պաշտպանությանը դիմել էին կողոպտված վաճառականները, որպես տեղային բարեկարգությանց վրա հսկողի և սահմանապահի։
Կրպոյի հեռանալուց հետո բեկը դեռ երկար նստած, զննում էր իր առջև դրած գեղեցիկ իրեղենները։ Նա ինքն էլ չէր հասկանում, թե ի՞նչու այն փայլուն գոհարները այնքան գրավում էին իրան։ — «Ես այս արկղիկը կուղարկեմ Արզրումի վալիին․ դրանից հարմար ընծա չեմ կարող գտնել նրա համար», — մտածում էր նա։ Հանկարծ նրա միտքը փոխվեց, կարծես մի նոր արարած պատկերացավ նրա հիշողության մեջ, որ իր համար այս աշխարհի մեջ
124