Այս էջը սրբագրված է

— Ես պահանջում եմ, որ լուծված լինի մեր քաբինը (ամուսնական կապը), — ասաց նա հանդարտ կերպով, — ես այսուհետև քո կինը չեմ լինելու, առավոտյան ձի կնստեմ և կգնամ իմ հոր տունը։
— Ի՞նչու համար։
— Ես չեմ ների, որ շեյխի աղջկա տիկնությունը բաժաներ մի պիղծ հայ աղջիկ։
— Ես նրան կպահեմ որպես քո աղախին։
— Ես աղախիններ շատ ունեմ։
— Ես նրան սիրում եմ։
— Սիրի՛ր, որքան կուզես, բայց այդ սերը թանկ կնստի քեզ․․․
— Ի՞նչ կանես։
— Այդ ես գիտեմ․․․
— Դու ինձ սպառնալիքնե՞ր ես կարդում, անզգամ․․․ Ես քեզ այս րոպեում ոտքերիս տակը կփշրեմ մի կավե ամանի նման։
— Մի՛ շարժվիր տեղիցդ․ տեսնո՞ւմ ես․․․ — ասաց կինը ցույց տալով ձեռքում բռնած փոքրիկ ատրճանակը։
Այժմ նա ոտքի վրա էր։
Բեկը սարսափեց։ Նա չէր սպասում մի այսպիսի վճռական քայլ իր կնոջ կողմից։ Մտքերի պատերազմը պահեց նրան րոպեական անշարժության մեջ, թեև նրա ձեռքը դրած էր գոտիում խրած դաշույնի վրա։
Այդ միջոցին կանանոցի բաժնից լսելի եղավ երեխայի լալու ձայն, որ նոր էր զարթնել քնից։ Դա մի խաղաղական ձայն էր, որ կարծես ամոքեց երկու ամուսինների կատաղությունը։ Մայրական սերը հաղթեց կանացի նախանձին և նա շտապեց դեպի լացող մանուկը, ասելով այս խոսքերը․
— Ես դարձյալ վրեժխնդիր կլինեմ։

ԺԱ

Տանուտեր Խաչոյի ամուսինը իր վերջին զավակի՝ Ստեփանիկի ծնունդից հետո վախճանվեցավ։ Այնուհետև Խաչոն չամուսնացավ, թեև նրա հասակում գյուղացին առանց կնոջ չէ մնում։ Տան կառավարության մեջ հանգուցյալի տեղը բռնեց նրա մեծ հարսը՝ Սառան, որ հայտնի էր ամբողջ գյուղում որպես խելացի և լավ տանտիկին։ Ինքը ծերունին շատ անգամ դիմում էր նրա խորհուրդներին

127