Այս էջը սրբագրված է

շորեր են, տեսնո՞ւմ ես, բոլորը նոր է, բոլորը տիկինն է տվել։ Մի օր հագել է նա, մյուս օրը հին է տիկնոջ համար։
Եվ իրավ, քուրդ աղջիկը բավական մաքուր, և կարելի է ասել, բավական շքեղ կերպով էր հագնված։ Բայց նրա անկապ խոսքերից Սառան ոչինչ չհասկացավ։ Նա խոսում էր երրորդ դեմքով։ Այսքանը իմացավ Սառան, որ աղջկան կոչում են Ջավո, որ նա տիկին Խուրշիդի աղախինն է, որին ինքը առաջուց ճանաչում էր, որովհետև տիկինը իրանց տան բարեկամ Ֆաթթահ-բեկի ամուսինն էր։ Բայց թե ի՞նչ բանի համար էր ուղարկել տիկինը այդ կիսախելք աղախնին իր մոտ, — ահա այդ հարցը հետաքրքրում էր նրան։ Բայց ծանոթ լինելով գռեհիկ քրդուհիների բնավորությանը, Սառան թույլ տվեց նրան իր ձևով հաղորդել այցելության նպատակը։
— Քո անունը Ջավո է, հա՞, ի՜նչ սիրուն անուն է։
— Մայրս Ջավահիր էր կանչում, բայց տիկինը Ջավո է կանչում, ասում է Ջավահիր շատ երկար է։
— Ես էլ քո տիկնոջ նման կկանչեմ․ Ջավո, աղջիկս, ի՞նչ ասաց տիկինը, երբ քեզ ուղարկեց ինձ մոտ։
Բայց աղախինը միշտ շեղվում էր հարցին ուղղակի պատասխանելուց, երևի, նրա գլխում այնքան խառնված էին զանազան տարբեր մտածություններ, որ նա չէր կարողանում դասավորել, և չգիտեր, թե որը պետք է առաջ ասել և որը հետո։ Նա պատասխանեց․
— Ջավոյի տիկինը այս գիշեր կռվեց աղայի հետ։ Դու այդպես մի՛ մտիկ տուր, Ջավոն երեխա չէ, նա շատ սատանա է։ Երբ աղան տիկնոջ հետ կռվում էր, Ջավոն վարագույրի ետևում թաքնված բոլորը լսում էր։ Ա՜խ, որքան բարկացած էր տիկինը, իր ծամերը փետում էր, շորերը պատառոտում էր։ Ափսո՜ս այն շորերը, Ջավոն էլ չէ կարող հագնել․․․
Նկատելով, որ թեթևամիտ աղջիկը հագուստի շատ սեր ունի Սառան ասաց․
— Ջավոն խո կարել իմանում է, կկարկտնե, հետո կհագնե։
— Կարե՞լ, ինչպես չէ իմանում։ Տեսնում ե՞ ս այդ մատները, — նա ցույց տվեց աջ ձեռքի մատները․ — տեսնո՞ւմ ես, ա՜խ, քա՛նի անգամ Ջավոյի մայրը ասեղով ծակծկել է այդ մատները ու ասել․ «գետինը մտնես, կար սովորիր»։
— Տեսնում եմ, որ շնորհալի աղջիկ ես, հիմա պատմիր, թե ի՞նչու համար էր կռվում աղան տիկնոջ հետ։

— Աղան ասում էր՝ պետք է մի նոր կնիկ բերեմ․ տիկինը

129

9 Րաֆֆի, երկերի ժողովածու, ն․ III