Այս էջը սրբագրված է

էր մանկության բոլոր գեղեցկությունները։ Նա երեսը շուռ տվեց և սրբեց արտասուքը, որ պատանին չնկատե։
Բայց պատանին դեռ հետաքրքրվում էր քուրդ աղջկանով։
— Նա քաղցած էր, Սառա, ասում էր, որ այսօր ոչինչ չէ կերել․ ես մի կտոր հաց տվեցի մեղրի ու կարագի հետ, խնդրեցի որ այստեղ նստե և ուտե։ Բայց նա վեր առեց հացը, տեսա, ճանապարհին ուտելով գնում էր, երևի, շտապում էր, Սառա, այդպես չէ՞։
— Շտապում էր, նա շատ հեռու պիտի գնա։
— Մինչև ո՞րտեղ։
— Մինչև կապույտ սարերը։
— Հիմա խո կմթնի՞, ինչպե՞ս պիտի անցկենա այնքան լեռներ, այն էլ ոտով, մենակ, առանց ընկերի․․․ Սառա, ինչպե՞ս չէ վախենում նա։
— Չէ վախենում․ նրանք այդպես սովորել են, գայլի ձագը ի՞նչ բանից պիտի վախենա․․․
Այդ միջոցին կանչեցին Սառային և նրանց խոսակցությունը ընդհատվեցավ։
Խեղճ կինը ամբողջ օրը անցկացրեց դառն մտատանջությունների մեջ։ Նա արբած կամ ուշքումիտքը ցրված մարդու նման, չգիտեր թե ինչ էր անում․ իր ուզած իրեղենը վեր առնելու տեղ մի ուրիշ բան էր վեր առնում, իր կամեցած կողմը գնալու փոխարեն՝ մի այլ տեղ էր գնում․ անդադար սխալվում էր, անդադար հոգվոց էր հանում նա։ Ամբողջ օրը անցկացրեց տենդային անհանգստության մեջ։ Մորից որբ մնալով Ստեփանիկը, նրա սիրելին էր, նրա կուրծքի վրա և նրա ձեռքի տակ էր մեծացել։ Այժմ սպառնում էր նրան մի ցավալի վիճակ։ Ո՞ւմը ասեր, ինչպե՞ս հայտներ այն բոլորը, ինչ որ լսեց այսօր քուրդ աղախնից։ Նա գիտեր և համոզված էր, որ Ստեփանիկի ծերունի հայրը, լսելով բեկի դիտավորությունները, չպիտի կարողանար դիմանալ այդ ցավին։ Ծերունին առանց դրան ևս սրտումը մի անբժշկելի վերք ուներ․․․ Մյուս կողմից, Սառան մտածում էր, որ թաքցնելը անհնարին և մինչև անգամ վնասակար է․ պետք էր կանխապես հոգ տանել գալոց անբախտության առաջը առնելու համար։ Բայց ո՞ւմը հայտնել։
Այդ մտածություններով նա անցկացրեց ամբողջ օրը և տակավին մի վճռական եզրակացության չհասավ։ Երբ գիշերը նա առանձնացավ իր ամուսնի՝ Հայրապետի հետ, վերջինը հարցրեց․
— Սառա, դու այսօր ինչ որ մի ուրիշ տեսակ ես երևում ինձ․ ի՞նչ է պատահել, խո հիվանդ չես։

134