գյուղի քահանան, կնքահայրը և տատմերը, որ վաղուց մեռած էր:
Լալան - մենք այսուհետև երբեմն իր իսկական անունով պետք է կոչենք Ստեփանիկին - այժմ տասն և վեց տարեկան էր. մի հասակ, որի մեջ մտնելուց հետո գյուղացի աղջկան երկար տանը չեն պահում: Հայրը մտածում էր նրան մարդու տալ: Բայց դժվարությունը նրանում էր, որ Լալան իբրև տղա ճանաչված լինելով, իհարկե, ոչ ոք չէր խնդրելու նրա ձեռքը: Բացի դրանից, հայրը ցանկանում էր,որ իր փեսան մի օտարերկրացի լինի, որ առնե, տանե և հեռացնե իր աղջկան, որպեսզի իր երկրում, իր ծանոթների մեջ չհայտնվի հոր գործ դրած խորամանկությունը Լալայի պահպանության մասին, թեև այդ երկրում այդ մի սովորական բան էր: Բայց ո՞րտեղից պետք էր գտնել այդ պայմաններին հարմար մի մարդ Լալայի համար:
Հայրը աչք ուներ մի պարոնի վրա, որ իրան կոչում էր Թոմաս էֆենդի, - մի շատախոս, խաբեբա, կարճլիկ, կլորիկ մարդ, որ բացի մարդից ամեն բանի նման էր: Ո՞րտեղից էր նա, հայտնի չէր. բայց իր ասելով, պոլսեցի էր և այնտեղ ամիրա ազգականներ ուներ: Լալայի եղբայրները սաստիկ ատում էին այդ հրեշին, ոչ թե այն պատճառով, որ նա չափազանց այլանդակ դեմք ուներ, այլ առավել նրա համար, որ սաստիկ ժանտ և անգութ մարդ էր: Նա բոլորովին իրան հեռու էր պահում հայ հասարակությունից, խոսում էր միշտ թուրքերեն, և մի՛տ ընկած էր մուդիրների, ղայմագանմերի և քուրդ բեկերի մոտ: Նրանց անունով գյուղացի հայերին սպառնալիքներ էր կարդում և նրանց անունով պարծենում էր: Թոմաս էֆենդին արքունի մուլթեզիմ էր, այսինքն՝ արքունի հարկերի և հասույթների կապալառու:
Մուլթեզիմը նույն նշանակությունը ունի գյուղացու համար, որպես հոգեհան հրեշտակը, դևը, սատանան մի անհավատի համար, - և որպես այն բաները, որոնցից դողում է, սարսափում է գյուղացին: Բայց ինչ բանից ավելի վախենում է գյուղացին, նրան ավելի էլ հարգում է: Եթե սատանան հայտնվեր գյուղացիների մեջ, նրան այնքան չեին ատի, կսկսեին շողոքորթել: Մարդը միշտ այդպես վարվել է և վարվում է: Մարդը իր ռամկության հասակում բարի և չար ոգիներին հավասար կերպով էր պաշտում, երկուսին էլ զոհ էր մատուցում: Զարմանալին այն է, որ չարը համեմատաբար ավելի շատ զոհեր էր ընդունում: Բարին մերն է, մտածում էր ռամիկը, բայց չարին պետք է գոհացնել, որ չարություն չգործե…
143