Այս էջը սրբագրված է

— Դուք, էֆենդի, իզուր այսօր ծեծել տվեցիք այն խեղճ գյուղացուն։

— Սխալվում եք, տանուտեր,— պատասխանեց նա իր կատվի ձայնով. — գյուղացուն պետք է ծեծել և շատ ծեծել. «էշին մինչև չծեծես, բեռը չի տանի»։
— Բայց գյուղացին մեղք չուներ:
— Այդ միևնույն է, մեղք ուներ, թե չուներ։ Այսօր մեղք չուներ, էգուց կարող է ունենալ։ Դու չե՞ս լսել Նասրադին Խոջայի առակը. նրա էշերից մեկը կապը կտրեց ու փախավ, նա փոխանակ փախչող էշի ետևից վազելու, որ նրան բռնե և պատժե, եկավ, սկսեց ծեծել մյուս էշին, որ իր կապը չէր կտրել և իր տեղումը հանգիստ կանգնած էր։ Նրան ասացին, թե այդ խեղճը ի՞նչ մեղ ունի, որ ծեծում ես։ Խոջան պատասխանեց.— դուք չեք իմանում, եթե դա իր կապը կտրելու լինի, ինչպես կփախչի։ — Բայց ինձ հայտնի է, որ գյուղացին սուտ չէր խոսում, ես գիտեմ, որ նրա ոչխարների մեծ մասը քրդերը տարան,— ասաց ծերունին, դարձյալ չհամոզվելով, թե հանգիստ և անմեղ էշին պետք էր պատժել հանցավորի փոխարեն։ — Այդ ես էլ գիտեմ, տանուտեր, որ նրա ոչխարների մի մասը քրդերը գողացել են,— պատասխանեց կապալառու էֆենդին ծանրությամբ։— Բայց եթե ընդունելու լինեմ այսպիսի հաշիվներ. «ջուրը կգա, ջրաղացը կտանե» և ես այն ժամանակ իմ գրպանից պետք է վճարեմ արքունի հարկը։ Անցյալ տարվա ցուցակում այդ գյուղացու անունով 100 հատ ոչխար է գրված, ես հարյուրի հարկը կպահանջեմ. բայց եթե նրանցից մի 50 կամ 60 հատ քրդերը գողացել են, ես ի՞նչով եմ մեղավոր, քրդերը ամեն օր գողանում են, եթե մարդ են, թող թույլ չտան, որ գողանան։ — Պետք է խղճմտանքով խոսել, էֆենդի,— պատասխանեց նրան տանուտերը.— դուք իրավունք ունեք պահանջել գյուղացու այն ոչխարների հարկը միայն, որքան նա պատրաստ ունի իր ձեռքում. կորածի, մեռածի և կողոպտվածի համար նա պարտավոր չէ հարկ վճարել։ — Ես ի՞նչով կարող եմ ստուգել, թե գողացել են,— պատասխանեց կապալառուն բարկացած նայելով.— գյուղացին կարող է թաքցնել իր ոչխարները և ինձ ասել, կորել են, գողացել են, մեռել են, ինչ գիտեմ, հազար ու մեկ այս տեսակ պատճառներ կարող է բերել։ Տանուտերը ոչինչ չխոսեց։

145

10 Րաֆֆի, Երկերի ժողովածու, 6. III