Այս էջը սրբագրված է

— Բայց դուք չեք տեսել այդ նոր ֆիրմանը, որ սուլթանը ուղարկել է ինձ. եթե գիտենայիք նրա մեջ ինչ է գրված, այսպես չէիք խոսի, տանուտեր։

Եվ նա դուրս բերեց իր ծոցից մի մեծ ծրար, հանեց նրա միջից թղթերի մի փաթեթ, և զգուշությամբ մինը մյուսի ետևից բաց անելով, վերջապես դուրս բերեց մի ահագին կարմիր թերթ, խոշոր և զանազան ձևի տառերով տպված: — Ա՛ռ, կարդա՛,— տվեց նա տանուտերի ձեռքը։ Տանուտերը զարմացած նայում էր խոշոր տառերի վրա (ինչ որ մեծ է, ինչ որ խոշոր է ռամկի համար զարմանալի է) և եթե նա թուրքերեն կարդալ գիտենար, կհասկանար, որ այդ ահագին կարմիր թերթը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ թատրոնական աֆիշա, որ տպված էր մի դերասանուհու բենեֆիսի համար։ Բայց Թոմաս, էֆենդին նկատեց նրան. — Տանուտեր, այսպես անքաղաքավարի կերպով չեն վարբերվում սուլթանի ֆիրմանի հետ, երբ ֆիրմանը ձեռք են առնում, նախ համբուրում են և ապա սկսում են կարդալ։ Ծերունին համբուրեց և խոնարհությամբ ետ տվեց ֆիրմանը։ — Հազար անգամ ասում ես գյուղացիներին, թե հիմա հրամանը այսպես է, թե հարկերը ավելացրել են, դարձյալ չեն հասկանում, դարձյալ իրանց գիտցածն են ասում,— խոսեց կապալառուն մի առանձին վրդովմունքով։— Ես էլ մարդ եմ, համբերությունս հասնում է, սկսում եմ ծեծել։ Ախր էշը որ էշ է, մի անգամ ցեխումը խրվում է, մյուս անգամ եթե վիզն էլ կտրես, այնտեղից անց չի կենա։ Բայց այդ գյուղացիներր էշի խելք էլ չունեն։ (Թովմաս էֆենդին սովորություն ուներ իր օրինակները և համեմատությունները միշտ էշերի կյանքից վեր առնել)։ Լսիր, մի բան պատմեմ, տանուտեր Խաչո, դու խո իմանում ես, որ Ալաշկերտի շատ գյուղերը իմ ձեռքումն են. մի անգամ մի գյուղացի հունձր հնձել էր, կալը կալսել էր և ցորենի մաքուր շեղջը կիտել էր կալումը. ինձ կանչեց, որ չափել տամ և տասանորդը վեր առնեմ. ես պահանջեցի, որ տասանորդի փոխարեն զուտ փող տա: Նա պատասխանեց, թե փող չի կարող տալ, և ավելացրեց, թե դուք ցորյան ստանալու իրավունք ունենք և ձեզ պատկանող ցորյանը ստացեք։ (Ես երբեք համբերել կարող չեմ, երբ էշ գյուղացին իրավունքի վրա է խոսում)։ Մտքումս ասացի, ես քո հերը կանիծեմ և քեզ ցույց կտամ, թե ինչ բան է իրավունքը: Կալի ցորենը չչափեցի և թողեցի այնպես մնաց։ Անձրևները եկան և

146