Այս էջը սրբագրված է

Այդ միջոցին հրդեհի բոցերը ավելի բարձրանալով, լուսավորեցին Պետրոսի ներկված դեմքը։
— Արյուն է հոսում․․․— գոչեցին բոլորը։
— Վնաս չունի․․․— պատասխանեց Պետրոսը ծիծաղելով,— քանի օր էր, որ երեսս չէի լվացել․ այս գիշեր մի լավ լվացվեցա․․․
Պետրոսը կարճ կերպով պատմեց, թե հասնելով ջրի աղբյուրի մոտ, գտավ այնտեղ մի քանի քուրդ պահապաններ, որոնք հսկում էին, չիցե թե պաշարվածները, բերդից իջնելով, ջուր տանեին։ Նրանք հարձակվեցան իր վրա, և մինչև կարողացավ բոլորի «ձայնը կտրել», ինքը գլխից վերք ստացավ։
— Ի՞նչ եղան Հանեսը, Թոմասը, Ադամը, Ներսոն,— հարցրին նրանից։
— Գրո՜ղը տանե նրանց, — պատասխանեց Պետրոսը իր սովորական հեգնական եղանակով։— Կարծես, այդ անիծյալները մեկ մեկու խոսք էին տվել, որ հենց այս գիշեր շնորհք տանեին իրանց հանգուցյալ պապերի մոտ։ Մեկը պարսպի ներքև ընկած էր, երևի, հենց ցած իջնելու միջոցին գնդակ էր կերել․․․ մյուսը կես ճանապարհի վրա թավալվում էր, խեղճը դեռ չէր հանգստացել․․․ մեկը աղբյուրի մոտ գերանի նման անշարժ պառկած էր․․․ բայց խեղճ Թոմասը, նրանցից մի փոքր հեռու, կողքի վերքը բռնած, անիծում էր քրդերին. իսկ ես նրանց ջիգրը առեցի․․․
Այս չորս հայ երիտասարդները, որոնց մասին խոսում էր Պետրոսը, մինը մյուսի ետևից ուղարկված էին ջուր բերելու, բայց և ոչ մեկը չվերադարձավ։ Այսպիսի դեպքեր այնքան հաճախ էին կրկնվում, որ մահը, սպանությունը դարձել էր նրանց համար մի սովորական բան։ Այս պատճառով Պետրոսի պատմությունը մի առանձին տպավորություն չգործեց ընկերների վրա։ Նրանք մինչև անգամ չէին մտածում շուտով փաթաթել Պետրոսի գլխի վերքը, որից արյունը անդադար հոսում էր։ Ինքը Պետրոսն էլ չէր մտածում այդ մասին։
— Սատանան տանե այդ քրդերին,— շարունակեց նա,— կարծես, այդ անիրավների աչքերը գայլի նման մթնումն էլ տեսնելիս լինեն։ Որ կողմից որ մի շշնջոց են լսում, իսկույն գնդակը հասցնում են․ տեսար, զոհը դողղողաց և գլորվեցավ գետին․․․
Այսպես խոսում էին խավարի մեջ, հետո մտաբերեցին փաթաթել Պետրոսի գլխի վերքը, և ապա վեր առնելով ջրի տիկը, որ պարունակում էր իր մեջ հազարավոր անձինքների կյանքը, նրանք սկսեցին դիմել դեպի բերդի բակը։

76