—Մի քիչ զահրումար եմ բերել, որ խմես, և այդ խեղճ գյուղացիները քո ձեռքից ազատվեն,— պատասխանեց երիտասարդը նույնպես ծիծաղելով:
Այնտեղ հավաքված էին մի քանի գյուղացիներ, որոնք օգնում էին երիտասարդին բեռները ձիերից ցած բերելով և ներս տանելով, Էֆենդին նկատեց, որ անպատշաճ էր խենթի հետ գյուղացիների առջև այս տեսակ կատակներ անել, շուտով հեռացավ, ասելով, որ գյուղումը գործեր ունի, և ավելացրեց, թե ճաշը միասին կուտեն։ — Քեզ հետ հաց ուտելը մեղք է,— ասաց նրան երիտասարդը: — Ախր էշի պոչը ոչ կերկարի և ոչ էլ կկարճանա, քո խելքն էլ այդպես է,— պատասխանեց կապալառուն։– «Էշին Երուսաղեմ էլ տանես, էլի էշ կմնա», երբեք մուղդուսի չի դառնա, — ավելացրեց նա։ —Ախ, երբ որ դու սկսեցիր քո էշավարի առակները, էլ վերջ չկա, — ասաց երիտասարդը և երեսը շուռ տվեց։ Էֆենդին հեռացավ։ Արդեն ծերունի Խաչոյի տան մեջ մեծից մինչև փոքրը լսել էին, որ Վարդանը եկել է.— այսպես էր երիտասարդի անունը — և անհամբերությամբ սպասում էին, մինչև նա իր բեռները կբաց աներ։ Ով ասես նրան մի բան չէր պատվիրել բերելու իր համար։ Նա բեռները տարավ և դարսեց տան սրահի մեջ, և ահա վրա թափվեցավ Խաչոյի տան ամբողջ բանակը։ Մեկը հարցնում էր. «Բերեցի՞ր իմ պատվիրած կոշիկները», մյուսը հարցնում էր. «Բերեցի՞ր իմ պատվիրած գլխարկը» — մի խոսքով, ամեն կողմից մի ձայն էր լսվում, և ամեն կողմից պահանջումներ էին անում, և մինչև անգամ փոքրիկ երեխաները, նրա փեշերից բռնած, զանազան բաներ էին պահանջում և հանգստություն չէին տալիս։ — Բերել եմ, բերել եմ,— պատասխանում էր երիտասարդը,— ամենիդ ուզածը բերել եմ։ — Դե՛ տուր, դե՛ տուր,— ձայն էին տալիս ամեն կողմից։ — Տո սատանի լակոտներ,— ասում էր երիտասարդը,– թողեք մի հանգստանամ, հետո բեռներս բաց կանեմ, ինչ որ ուզում եք կտամ։ — Հիմա, հիմա, — կրկնում էին ամեն կողմից։ Տանեցիք այնքան սովորել էին Վարդանին, որ այլևս ուշադրություն չդարձրին նրա վրա, և սկսեցին իրանք բաց անել հակերր։ Երբ կապերը և փաթոթները արձակեցին, այնուհետև բոլորը
149