վրա թափված, սկսեցին խլել պահանջած իրեղենները: Երիտասարդը հեռու կանգնած բարեսրտությամբ նայում էր նրանց ուրախության վրա և ծիծաղելով ասում էր. — Ա՜, ձեր տունը չքանդվի, քրդերն էլ այդպես չեն թալանում վաճառականի ապրանքները: Բայց միայն մեկը, որ մոտ չեկավ նրա հակերին, դա Ստեփանիկը կամ այժմյան Լալան էր։ Նա հեռու կանգնած, նայում էր և երբեմն ժպտում էր։ Երիտասարդր մոտեցավ նրան և հարցրեց. — Դու ինչու մի բան չես վեր առնում։ — Ի՞նչ վեր առնեմ— պատասխանեց նա կարմրելով։ Եվ իրավ, ի՞նչ վեր առներ նա։ Նրա կեղծ և ծպտյալ տղայությունը վաղուց արդեն ձանձրացրել էր նրան, իսկ աղջկա պատկանող մի բան նա վեր առնել կարող չէր։ Վարդանը հասկացավ նրա միտքը և հազիվ լսելի ձայնով ասաց. — Ես քեզ համար մի լավ բան եմ բերել։ —Ի՞նչ բան,— հարցրեց աղջիկը նույնպես մեղմ ձայնով — Հետո կտամ, բայց ոչ ոք պետք է չտեսնե… Լալան կրկին ժպտաց և հեռացավ։ Վարդանը քսան և հինգ տարեկան երիտասարդ էր, բարձրահասակ, ամուր կազմվածքով և դեմքի խոշոր գծագրությամբ, որ չէր կարելի ասել, թե գեղեցիկ էր։ Նրա մեծ, սևորակ աչքերը ավելի ավազակային արտահայտություն ունեին, իսկ փոքր-ինչ ուռած շրթունքի վրա միշտ կարելի էր նշմարել մի դառն հեգնություն։ Նրա շարժվածքի համարձակությունը և ճարպիկությունները գործի մեջ իսկույն ցույց էին տալիս մի չափազանց մարմնական ուժ։ Իսկապե՞ս որտեղացի էր նա, կամ ի՞նչ տեսակ անցյալ էր ունեցել,— այս կողմերում ոչ ոք չգիտեր։ Միայն նրա մասին խոսվում էին շատ բաներ, որ լավ վկայություն չէին տալիս նրա վարքի մասին։ Նրան համարում էին մի «թոկից փախած» մարդ, որ կյանքի ամեն մի մթին խորշերում մտել ու դուրս է եկել։ Մի ժամանակ նա մի վանքում էր եղել, որպես սարկավագ և միաբան, մի ժամանակ վարժապետ է եղել. բայց թե ի՞նչ պատճառով թողեց վանքը և դպրոցը,— հայտնի չէր։ Միայն նրա վանքային և դպրոցական կյանքից պատմվում էին այնպիսի անեկտոդներ, որ հատկանիշ էիք մի տարապայման բնավորության։ Բայց ինչ որ ճշմարիտ էր, այն էր, որ Վարդանը հայտնի էր այս կողմերում, որպես մի նշանավոր մաքսախույս (կանտրաբանդիստ)
150