Այս էջը սրբագրված է

Նա ուներ այդ պարապմունքին հարմար բոլոր պայմանները՝ արիություն, ճարպկություն և սատանայական խելք։ Մշտապես վտանգների և արկածների հետ պատերազմելով, նա սեփականել էր իրան երկաթի հաստատամտություն աներկյուղ քաջասրտության հետ։ Կար մի ուրիշ բան ևս: Ոչ միայն Թոմաս էֆենդին Վարդանին խենթ էր համարում, բայց թե … գյուղում և թե նրա շրջակայքում նա ճանաչված էր մականունով «խենթ»։ Ի՜նչ բանի մեջ էր նրա խենթությունը։ Վարդանը հիմար տղա չէր. նա շատ կարդացել էր, նա շատ բազմակողմանի գիտություններ ուներ։ Նա բավական ճանաչում էր կյանքը և գիտեր մարդկանց կենցաղավարության պայմանները։ Նա, չնայելով իր երիտասարդ հասակին, շատ փորձված էր և շատ տանջանքներ էր կրել մարդերից։ Ուրեմն ի՞նչ բանի մեջ էր նրա խենթությունր.— նրանո՞ւմ միայն, որ Վարդանը կեղծել չգիտեր, նա մարդիկների նախապաշարմունքներին դեմ էր գնում։ Վարդանը խիստ բացարձակ սիրտ ուներ, և ամենի երեսին կասեր, ինչ վատ բան նկատելու լիներ։ Նա մինչև անգամ չէր թաքցնում իր սեփական սխալներր, բոլորը պատմում էր, և մարդիկ այս տեսակներին միշտ խենթ են համարում։ Նրանք պահանջում են, որ մարդը դրսից ուրիշ կերպարանք ունենար, իսկ ներսից ուրիշ, և սաստիկ ատում են ճշմարտախոսին։ Հին իմաստասերներից և մարգարեներից շատերը, և մինչև անգամ երևելի Պահլուլը և Նասրադին խոջան խենթեր էին համարվում, թեև նրանց խենթությունների մեջ մի առանձին իմաստություն կար։ Բայց Վարդանը ոչ իմաստասեր էր և ոչ մարգարե. միայն նրա դատողությունները, հասկացողությունը, մտածության ձևը և օտարոտի վարմունքը ռամկի աչքում խորթ և խիստ տարապայման էին երևում։ Խոստանալով Լալային, թե «մի լավ բան է բերել նրա համար», և հայտնելով, թե այդ բանը միայն գաղտնապես պետք է հանձնել նրան,– այս դեպքում Վարդանը իր սովորության համեմատ աչքարա լինել չկարողացավ։ Կարծես, մի առանձին զգացմունք հարկադրում էր նրան ծածկամիտ լինել, կարծես նրա սրտում թաքնված էր մի նվիրական բան, որ պետք է անմատչելի մնար օտարներից: Նա առիթ էր որոնում հանդիպել Ստեփանիկին և հանդիպել, որքան կարելի է, մի ծածուկ տեղում։ Առիթը ինքը իրան տեղի ունեցավ։ Ես բոլորովին մոռացա մի անգամ գոնե նկարագրել ծերունի

151