Այս էջը սրբագրված է

խոսեց, խիստ տխուր էր, և կարելի էր մտածել, թե կամ հիվանդ է և կամ մի տեղը ցավում է։ Այդ մշտածիծաղ բնավորությունը այժմ մռայլվել և թխպել էր ամպամած երկնքի նման։ Սերը, որ շատերի մեջ ուրախություն էր և բավականություն է ծնեցնում, որ շատերին խելքից հանում է, շատերի սիրտը լեցնում է մի սրբազան զգացմունքով, և քաղցրացնում է նրանց կյանքի դառնությունները,— սերը տխրեցրել էր այդ մարդուն։ Նա սեղանի մոտ շատ փոքր կերավ, բայց չափազանը խմեց, կարծես թե, գինու բաժակներով աշխատում էր հանգցնել իր սրտի կրակը։ Թոմաս էֆենդին, իր սովորության համեմատ, շատախոսում էր։ Ինչե՞ր ասես չէր պատմում նա իր կյանքից և իր անցյալից։ Եվ նրա բոլոր խոսակցությունների մեջ երևում էր, որ Թոմաս էֆենդին մի նշանավոր մարդ է։ Ներսես պատրիարքը նրան միշտ «որդի» էր կոչում. Խրիմյանին չէր հավանում, որովհետև շատ հասարակ մարդ է և իրան թույլ է տալիս մշեցի և վանեցի համալների հետ «մասլահաթներ» անել. Նուբար փաշան իր նամակների մեջ նրան միշտ գրում է «ազնիվ բարեկամ»։ Թե Բոսֆորի ափերի վրա նա մի պալատ ունի, որ անգլիացիներին վարձով է տված, թե Երուսաղեմի տաճարին նրա պապերը ընծայել են մի մեծ գումար, որի համար ամեն օրս Հակոբա վանքում պատարագ են մատուցանում իրանց ազգատոհմի համար, թե իր և Օտյանի մեջ սառնություն ընկավ, պատճառն այն է, որ նա իր աղջիկը ուզում էր տալ, բայց ինքը չուզեց առնել և այլն, և այլն.հազար ու մեկ այս տեսակ առակներ էր պատմում նա, բայց Վարդանը համարյա չէր լսում, իսկ միամիտ տանուտերը հետաքրքրությամբ լսում էր և զարմանում էր։ «Որքա՜ն բախտավոր կլինի իմ Լալան, մտածում էր նա, երբ մի այսպիսի մարդու կինը դառնա, որը օտյանի աղջիկը չէ առել, որը Բոսֆորի ափերի մոտ պալատ ունի»։ Հետո նա սկսեց խոսել պոլիտիկայից։ Այդ այն քաղաքական հուզմունքների ժամանակն էր, որ Բալկանյան թերակղզու վրա սլավոնական ժողովուրդը աշխատում էր իր արյունով ազատություն ձեռք բերել. Կ. Պոլսում կոնֆերենցիա էր կազմվել նրանց վիճակը տնօրինելու համար, և Միթհադը, այդ երևելի դիպլոմատիկական ձեռնածուն, հրատարակել էր օսմանլուների սահմանադրությունը։ Թոմաս էֆենդին էլ, գյուղական օդայի մեջ նստած, վճռում էր հայոց ազգի ապագան։ Խոսելով սլավոնների «խենթությունների» վրա, որ նրանք համարձակվեցան ապստամբվել մի «բարերար» ազգի դեմ, որպես

156