— Իզուր եք բարկանում, պարոն, էֆենդին ձեզ խո մի վատ բան չասեց։ Վարդանը, առանց նրա վրա ուշադրություն դարձնելու, կրկին դիմեք կապալառուին, ասելով. — Լի՜րբ, սովորել եք թուրքերի նման ամեն հայի տուն մտնել, նրա սեղանը լափել, նրա գինին լակել և նրա հարսին, աղջկան, ջահել տղային անարժան ծառայություններ անել տալ: Լիրբ… Ծերունի տանուտերը մնացել էր քարացած, նրա բերանը փակվել էր, իսկ երբեմն երեսը խաչակնքում էր և աստուծո անունն էր տալիս, որ չարը խափանվի։ Բայց էֆենդին որքան պոռոտախոս էր, որքան պարծենկոտ էր և որքան փքված սպառնալիքներ կարդալ գիտեր, այնքան էլ աղվեսի նման երկչոտ էր։ Նկատելով ռուսաստանցի երիտասարդի վայրենի կատաղությունը, հասկացավ, որ նրա հետ չէր կարելի վարվել, որպես վարվում են Ալաշկերտի հայ գյուղացու հետ. նա իր մոտ սուր ուներ և մոսկովների թագավորի հպատակն էր։ Այս պատճառով, իր «փասափուսեն» հավաքելով, խիստ մեղմ ձայնով ասաց. — Աստված էլ գիտե, որ ես թուրքերի սովորություններին չեմ հետևում։ Դու իզուր զրպարտում ես ինձ, Վարդան։ Վարդանը պատասխանեց առաջվա խռովված ձայնով. — Ե՞ս եմ զրպարտում… քեզ, որ թուրքերի մոտ նամազ ես անում, իսկ հայոց եկեղեցու սեղանի վրա պատարագ ես մատուցել տալիս ռամիկների համակրությունը գրավելու համար… քեզ, որ բոլոր թուրքերի մոտ ասում ես, թե բոլոր հայերը «գավուրներ» են, իսկ հայերի մոտ հայհոյում ես նրանց… քեզ, որ թուրքերի կառավարության առջև մատնում ես ամեն մի ազնիվ և իր ազգի շահերը մտածող հային… քեզ, որ ավազակների հետ ընկերանում ես և դատարանների առջև սուտ վկայություն ես տալիս, թե հայերր անիրավաքի են բողոքում իրանք հարստահարությունների մասին… քե՞զ, որ տասը տեղ պսակվել ես, կին ես առել, քո կնիկները թողել ես և այստեղ կրկին ուզում ես ամուսնանալ… Դու չես հետևում թուրքերի սովորությանը… Բայց ես կասեմ, որ թուրքը հազարապատիկ ազնիվ մարդ է, քան քեզ նման հայը, որովհետև դու ոչ հայ ես և ոչ թուրք… Վերջին խոսքը, թե էֆենդին տասը տեղ պսակվել է և այստեղ կրկին ուզում է ամուսնանալ,– կայծակի նման հարվածեց խեղճ
Էջ:Խենթը.djvu/91
Այս էջը սրբագրված է