Այս էջը սրբագրված է

գործեց ամբողջ ընտանիքի վրա։ Տանեցիներից ոմանք խոսում էին և ծիծաղում էին էֆենդու երկչոտության վրա և գովասանում էին Վարդանին, իսկ ոմանք մեղադրում էին նրան, ասելով, որ նա խենթ է և իր լեզուն պահել չդիտե։ Առավել զայրացած էին Վարդանի դեմ Խաչոյի որդիներից մի քանիսը, ՕՀանը և Հակոն։ Նրանք ասում էին, թե ինչպես կարելի է կառավարության մարդուն այնպես խայտառակել։ Կառավարության մարդը ոչ միայն իր պաշտոնակատարության ժամանակ, այլև մասնավոր կյանքի մեջ, նրանց կարծիքով, պաշտոնական նշանակություն ուներ նրան հակառակել անկարելի էր։

Ոչ սակավ անհանգիստ էր և ծերունի տանուտերը։ Նա թեև չէր մեղադրում Վարդանին, բայց որքան էլ իրավացի լիներ նա, այսուամենայնիվ, նրա վարմունքը էֆենդու վերաբերությամբ անպատշաճ էր համարում։ Ծերունի Խաչոն լավ էր ճանաչում էֆենդու հոգին. այդ հին չարագործը պիտի աշխատեր վնասել Վարդանին, և եթե վնասել չկարողանար, նրան շատ հեշտ էր իր վրեժխնդրությունը թափել խեղճ ծերունու տան վրա։ Կապալառուն օրինավոր պատճառներ ուներ մատնելու տանուտերին կառավարության առջև, նրա համար, որ իր տանը ընդունում էր Վարդանի նման նշանավոր կանտրաբանդիստին։

Մյուս կողմից, ծերունի Խաչոն զրկվում էր մի մեծ հույսից։ Նրա մտատանջությանը չափ չկար, սկսյալ այն րոպեից, երբ լսեց Վարդանի բերնից, թե Թոմաս էֆենդին մի քանի անգամ ամուսնացած է եղել և զանազան տեղերում կնիկներ է թողել։ Այդ մարդու համար էր նշանակել նա իր Լալային, հիմա նրա բոլոր հույսերը ոչնչացան։ Բայց ինչո՞վ և որպես կարելի էր ստուգել, թե Վարդանը ուղիղ էր ասում։ Թեև ծերունին նրան ստախոս չէր համարում, բայց ով է իմ անում, կռվի մեջ հայտնված ամեն ճշմարտություն կասկածավոր է թվում։

Իսկ այդ գարշելի և անամոթ կապալառուի ի՞նչն էր գրավում ծերունի Խաչոյին, որ ցանկանում էր իր սիրելի աղջկա բախտը կապել մի այնպիսի խաբեբայի հետ։ Ծերունին գիտեր, որ նա մի անգութ, անխիղճ և ցած հարստահարիչ է, թե նրա համար ոչինչ սուրբ բան չկար, թե նա պատրաստ էր իր շահերին ամեն բան զոհել: Այսուամենայնիվ, ծերունին ամեն բան մոռանում էր, երբ իր առջև տեսնում էր իշխանություն։ Նա մի հին նախապաշարմունքով միշտ պատրաստ էր խոնարհվել մուդիրի առջև։ Նրա կարծիքով, արքունի մուլթեզիմի, այդ փոքրիկ պաշտոնական մարդու:

161

11 Րաֆֆի, Երկերի ժողովածու. հ. 111