Այս էջը սրբագրված է

մունդիրի մեջ ծածկվում, անհայտանում և ոչնչանում էին ամեն տեսակ անազնվություններ։ Պաշտոնը սրբում էր կեղտերը:

Այս պատճառով ծերունի Խաչոյին խիստ հրապուրիչ էր ունենալ էֆենդու նման մի փեսա, որ բարձր էր հասարակ ամբոխից, որի առջև բոլորը խոնարհվում էին։ Ծերունին որքան էլ պարզ և արդարամիտ մարդ լիներ, բայց որպես տանուտեր, որպես մի ամողջ գյուղի գլխավորը, ուներ իր փոքրիկ փառասիրությունները։ Նա դժվար կհամաձայնվեր իր աղջիկը տալ մի հասարակ գյուղացու, մանավանդ երբ այնպիսի խորհրդավոր պայմանների մեջ էր պահել և մեծացրել նրան։ Թոմաս էֆենդու ընտրության մեջ նա ուներ մի ուրիշ գործնական նպատակ ևս։ Ինքը որպես տանուտեր, անդադար հարաբերություններ ունենալով տեղային կառավարության հետ, էֆենդին կարող էր շատ դժվարությունների մեջ օգնել նրան։ Իսկ այժմ նրա հույսերը միանգամով ոչնչացավ…

Այդ բոլորի հետ, եթե նրան հայտնի լիներ, թե ի՞նչ վիճակ է սպասում իր սիրելի Լալային քուրդ Ֆաթթահ-բեկի կողմից, այն ժամանակ գուցե գերեզմանը միայն կարող կլիներ վերջ գնել խեղճ ծերունու ցավերին։ Բայց որդիները դեռ նրան ոչինչ չէին հայտնել։ Այդ գաղտնիքի կսկիծը ցեցի նման ուտում և մաշում էր նրա որդիների, մանավանդ Հայրապետի և Ապոյի սրտերր միայն, որոնք, իրանց եղբայրների հետ ունեցած անհաջող խորհուրդից հետո, չգիտեին, թե ինչ պետք էր անել իրանց քրոջը կորուստից ազատ պահելու համար։ Ի՞նչ կլիներ խեղճ Լալայի վիճակը, երբ քուրդ բեկը կհափշտակեր, կտաներ նրան հոր տնից. կարող էր նա մահմեդականի կին լիներ, թե իր քույր Սոնայի նման իր կյանքի դառնությունները կվերջացներ անձնասպանությամբ…

Այդ բոլոր մտատանջությունները, այդ բոլոր տխուր թախիծները Լալայի համար էին, բայց նա միայն էր, որ այն ժամանակ իրան ուրախ էր զգում և իրան բախտավոր էր համարում։ Իր սիրած տղամարդի ձեռքից խորհրդավոր արկղիկը ընդունելուց հետո, այժմ, կարծես, նրա այրական հագուստը այրում լիներ նրա մարմինը։ Նա աղջիկ էր, ցանկանում էր աղջկա նման հագնվել, ցանկանում էր կին լինել… Նա դեռ զգում էր իր շրթունքի վրա Վարդանի ջերմ համբույրները, և նրա ականջներին դեռ զարկում էին երիտասարդի քաղցր խոսքերը։ Բայց սկսյալ այն րոպեից, երբ նա իր աչքով տեսավ Վարդանի հաղթությունը էֆենդու դեմ, մի մարդու դեմ, որի առջև դողում էր ամբողջ գավառը,— Վարդանի նշակությունը ավելի բարձրացավ օրիորդի աչքում: Չգիտեմ ի՞նչու

162