Այս էջը սրբագրված է

Խիստ հետաքրքիր տեսարան էր ներկայացնում այն տեղը, որ նստած էր Հայրապետը։ Դա մի լեռան ստորոտ էր, որ ծածկված էր ժայռերի բեկորներով, որոնք ժամանակի խորտակիչ ձեռքով ջարդուփշուր եղել և թափվել էին ցած։ Նրա շրջակայքը պատած էր վայրենի մացառներով և զանազան տեսակ թփերով, որոնց միջից տեղ– տեղ բարձրանում էին ծառեր։ Հայրապետի ուշադրաթյունը գրավեց մի խնձորենի, նա տեսավ, որ ժիժքը-Ժիժքը պատատուկների կամ պարազիտներ մի տեսակն է, պարազիտները կերակրվում են օտար բույսերի հյութով, փաթաթվել էր նրա բունին, վեր էր բարձրացել և աճելով դեպի ամեն կողմը տարածել էր իր օձի նման ոլորուն ոստերը։ Նա, կարծես, աշխատում էր իր ծանրության ներքո ճնշել, խեղդել, մաշել և միանգամից կլանել խեղճ խնձորենուն, որի վերին ճյուղերր արդեն նոսացել, տերևներից զրկվել և չորացել էին… Լինում են րոպեներ, որ հասարակ մարդն անգամ փիլիսոփա է դառնում։ «Ահա՛ մի գեղեցիկ օրինակ, մտածում էր Հայրապետը, ահա մի վայրենի բույս, որ ինքը չէ գործում, չէ աշխատում, մայր հողի մեջ արմատներ չունի, այլ իր ճանկերի մեջ հափշտակելով մի ավելի քաղաքակրթված և պտղատու բույսին, ձրի կերակրվում է նրա հաշվով, ագահությամբ ծծում է նրա հյութը, և վերշապես սպառելով նրա կենսական ուժերը, սպանում է նրան… Միթե այսպես չէ վարվում մեզ հետ քուրդը, միթե նա էլ մի այսպիսի ժիժք չէ՞, որ ապրում է խեղճ հայի հաշվով»։

Հայրապետը զգայուն մարդ էր և բավական պարզ հասկացողություններ ուներ։ Ո՞րտեղից նա սեփականեց իրան այդ հասկացողությունները։ Իհարկե, եթե նա իր հայրենի աշխարհի հորիզոնից մի անգամ ևս ոտքը դուրս դրած չլիներ, անտարակույս, կմեծանար, կզարգանար նույն սահմանափակ նախապաշարմունքներով, որպես էին նրա հայրենակիցները։ Բայց բախտը ուրիշ կերպ տնօրինեց նրա կյանքը։ Նա իր երիտասարդությունը անց էր կացրել օտար աշխարհներում։ Դեռ պատանի հասակում Հայրապետը, չգիտեմ ինչ պատճառով անբավականություն ունեցավ հոր հետ, և որպես այդ շատ անգամ պատահում է գավառներում, թողեց հոր տունը և սկսեց թափառել երկրե երկիր։

Ճակատագիրը նրան գցեց Կ. Պոլսի մեջ, որ ներկայացնում է Եվրոպայի և Ասիայի հանգույցը։ Այստեղ անցավ նա կյանքի զանազան շրջանների, և թեև մի

164