Այս էջը սրբագրված է

Հայրապետը խորին ուշադրությամբ լսում էր Սառայի պատմությանը, երբ վերջացրեց, նա ասաց. — Դրանով վտանգը չէ կարելի անցած համարել: Այս բոլոր պատմության մեջ միայն մի ուրախալի բան կա, այն է, որ գործը կհետաձգվի և մենք ժամանակ կվաստակենք Լալայի վիճակը տնօրինելու համար։ — Ես էլ այսպես եմ մտածում,— պատասխանեց Սառան։ — Ուրեմն ի՜նչ պետք է անել,– հարցրեց Հայրապետը: — Ուրիշ ճար չկա, պետք է Լալային մեկի հետ պսակել։ — Այդ բոլորովին չի ազատի նրան։ Բեկը կարող է պսակված կինն էլ ամուսնու գրկից դուրս քաշել և տաներ: — Պետք է մի այնպիսի մարդու հետ պսակել, որ Լալային այստեղ չպահել այլ վեր առնե և տանե մի ուրիշ երկիր,— ասաց Սառան։ — Շատ գեղեցիկ միտք է,— պատասխանեք Հայրապետը,— բայց որտեղից կարելի է գտնել մի այսպիսի մարդ։ Դու գիտես, որ մեր գյուղացիներից ոչ մեկը չի հանձն առնի մի այսպիսի ամուսնություն, նրա համար, որ կվախենա և կմտածե, եթե Լալային տանելու լինի մի ուրիշ երկիր, այն ժամանակ բեկը տունը կրակ կտա և նրա բոլոր ազգականներին սրից կանցկացնե։ Ով է այն մարդը, որ հանձն առնե այս տեսակ զոհաբերություններ։ — Մարդը պատրաստ է,— պատասխանեց Սառան ուրախ ձայնով։ — Ո՞վ է։ — Վարդանը։ Հայրապետի տխուր դեմքը ընդունեց խիստ ուրախ արտահայտություն, երբ Սառան սկսեց պատմել նրան, իր այն օրվա տեսածը տան պարտեզի ծառերի մեջ, թե որպես Վարդանը և Լալան գրկախառնվել էին միմյանց հետ, համբուրվում էին և խոստանում էին միմյանց մշտական սեր։ — Այդ լավ է,— ասաց Հայրապետը,— Վարդանը, միայն Վարդանը կարող է ազատել Լալային։ Արևը արդեն մայր էր մտել։ Երկու ամուսինները վեր կացան և սկսեցին շտապել դեպի տուն։ Ճանապարհին Հայրապետը մտածում էր այն բանի վրա, թե ինչ պատրաստություններ է տեսնում բեկը, ինչի համար է նա զենքեր բաժանում։ Միթե այդ մի սարսափելի ձեռնարկության նախապատրաստություն չէր…

166