Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/16

Այս էջը հաստատված է

ձևը՝ արտահայտության պլանը, որոշակիորեն առկա է, և աշակերտները հեշտությամբ գտնում են սարերդ, ջրերդ, հովերդ բառերը։ Ինչ մնում է բալեքդ գոյականին, ապա այն մերժելի է արդի գրական հայերենում, որը, սակայն, կիրառվում է բանաստեղծական խոսքում։ Այն էլ նշենք, որ այդ բառը հայերեն էլ չէ, այլ՝ թուրքերեն, ուստի նրա գործածությունը մերժելի է որպես օտարամուտ բառ։ Կամ այսպիսի տեքստ. «Լեռները վեր են խոյացել որպես առասպելական քաջեր։ Գառներն ու ուլերը արածում են նրանց ստորոտում։ Կովերն ու գառները նստած որոճում են։ Արշակի թոռները և երեխաները ծաղիկ են քաղում զմրուխտե դաշտում։ Նրանք մինչև ծնկները շաղոտվել են երփներանգ ծաղիկների մեջ»...

Մեծ թվով բառեր գործածված են հոգնակի թվով, ընդ որում, որոշ գոյականներ թեև միավանկ են, բայց վերջավորվում են «ներ» մասնիկով. համեմատվում են լեռ, քաջ, գառ, կով և այլ բառեր, որոնցից քաջ և կով բառերը ստանում են եր հոգնակերտը, իսկ լեռ, գառ, թոռ, ծունկ բառերը՝ «ներ»։ Իրականում, սակայն, սրանք էլ են ստացել եր մասնիկը, իսկ ն-ն (լեռն, ձուկն...) գալիս է գրաբարից, որտեղ այդ գոյականները գործածվել են ն վերջավորությամբ՝ եզն, հարսն, նուռն, դուռն... Ժամանակակից հայերենում ուղղականում ն-ն այլևս չի գործածվում, սակայն բարդություններում, ածանցումներում ու թեքվող բառաձևերում այն կարող է վերականգնվել։ Մեր նպատակն այստեղ իհարկե դրա ուսուցումը չէ, այլ՝ գոյականի թվի ուսուցման հիմնական եղանակը՝ տվյալ իրողությունը՝ որոշակի տեքստում, մյուս կողմից՝ գոյականը՝ խոսքի մեջ։

Գոյականը խոսքում: Գոյական անունը նախադասության մեջ կիրառվում է որպես ենթակա։ Եվ սա պատահական չէ, քանզի գործողություն կատարողը՝ այն առարկան, որին ստորոգվում է նրա փոփոխական և «վերադրական» հատկանիշը, ամենից առաջ անձնանիշ ու ընդհանրապես առարկայանիշ բառ է։ Պատահական չէ նաև, որ հին մասնագետները գոյականն ու ենթական երբեմն ներկայացնում են համատեղ։ Գոյականի հոլովն անցնելիս (որոշակիորեն ասած՝ ուղղական հոլովաձևն ուսումնասիրելիս) հարկավոր է անպայման կանգ առնել նրա հիմնական կիրառության վրա։ Մեր պատկերացմամբ՝ հոլովական համակարգն ուսումնասիրելիս հարկավոր է լուրջ ուշադրութուն դարձնել հոլովների