Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/17

Այս էջը հաստատված է

հիմնական կիրառությունների վրա միայն։ Դա ունի երկու նպատակ։ Նախ՝ որոշակիորեն տարբերվում են հոլովների գլխավոր և երկրորդական կիրառությունները, և, երկրորդ, նյութը ծավալի ու խորության առումով համեմատաբար հեշտ ու լավ է յուրացվում: Կա նաև մի ուրիշ հանգամանք, ձևաբանության ու շարահյուսության նպատակները կարծես ձուլվում են. 5-րդ դասարանցուն ուսուցվում են, դիցուք, ուղղականով դրվող շարահյուսական համապատասխան գործառույթները։ Եվ այսպես, ուղղական հոլովն ուսուցելիս բերվում է համապատասխան տեքստը՝ հագեցված գյականով արտահայտված ենթականերով՝ «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի, բայց կինը չէր համաձայնում։ Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ։ Տանեցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծայրը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։ Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալիս...» (Հ. Թումանյան, «Գիքորը»)։ Պարզ է՝ ընդգծվում են ուղղական հոլովով դրվող բառերը (տվյալ դեպքում՝ ենթական)՝ նախապես գործադրելով երկու հնար. 1. գտնում են գործողություն կատարող (գործողության, եղելության մեջ գտնվող) առարկան, որին վերագրվում է հատկանիշը, 2. ո՞վ, ի՞նչ (ովքե՞ր, ինչե՞ր) հարցերն են տրվում: Ի դեպ, դրանք՝ այս երկու հնարները, կիրառվում են միասնաբար։ (Առաջին նախադասության մեջ ենթական ասես դժվարությամբ կարող են գտնել, գործն ավելի հեշտացնելու համար կռիվ բառը կարող են գործածել որոշյալ առումով՝ այն կիրառելով նախադաս շարադասությամբ՝ «Կռիվն ընկել էր...»)։ Նշենք նաև, որ ամեն մի հոլով արժեքավորվում է 3 հատկանիշով՝ 1. հոլովական ձև, 2. հոլովական ընդհանուր իմաստ, 3. շարահյուսական գործառույթ։ Ենթակայի առումով պիտի ասել. հոլովական ձև՝ զրո (ուղիղ ձև), հոլովական ընդհանուր իմաստ՝ անվանական՝ անվանողական. պատահական չէ, որ այդ հոլովը աշխարհի բազմաթիվ լեզուներում կոչվում է հենց այդպես՝ անվանական՝ «նոմինատիվուս» (именительный), շարահյուսական հիմնական գործառույթ՝ ենթակա։

Երկու խոսք՝ «կողմնակի» ենթակայի մասին։ Հայտնի է, որ «կողմնակի» ենթական արդի հայերենում դրվում է սեռական և