Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/18

Այս էջը հաստատված է

ուղղական հոլովներով։ Ընդ որում, սեռականով է դրվում, երբ գործ ունենք անձնանիշ գոյկանի հետ, իսկ ուղղականով և սեռականով (առավել՝ ուղղականով), երբ այն իր է: Օրինակներ՝ Ուսուցչի հայտնվելը շրջապատի վրա լրջորեն ազդեց։ Երեխաների դպրոց հաճախելուց գոհ էին թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները։ Սև ամպերի երևալը անձրևի նշան է։ Անձրևը դադարելուն պես մենք դուրս եկանք անտառից։

Ծանոթություն: Սեռականով դրվող «կողմնակի» ենթական բավականին նման է հատկացուցչին։ Դրանք տարբերակելու համար պիտի գործադրել երկու միջոց. 1. «Կողմնակի» ենթական դերբայական դարձվածի հիմնական անդամ է՝ կապված համապատասխան դերբայի հետ, մինչդեռ հատկացուցիչը, ինչպես հայտնի է, գոյականական լրացում է (հմմտ. Ուսուցչի՝ Սուրենի աշխատանքին տված գնահատականը պահպանվեց ամենուրեք։ Բանաստեղծի՝ Հայրենական մեծ պատերազմի շրջանի ստեղծագործությունները տոգորված են հայրենասիրական վառ շնչով)։ 2. Կասկածվող անդամը («կողմնակի» ենթակա՞, թե՞ հատկացուցիչ) պիտի գործածել պարզ կամ ստորադաս նախադասություններում. եթե քննարկվող միավորներում այդ անդամը ենթակա է, ուրեմն՝ հատկացուցչի մասին խոսելն իսկ ավելորդ է, իսկ եթե հատկացուցիչ է, «կողմնակի» ենթակայի մասին մտածելն է ավելորդ։ Այսպես. Սուրենի գրած նամակը լի էր քնարական զեղումներով (Այն նամակը, որ գրել էր Սուրենը, լի էր քնարական զեղումներով, կամ՝ Սուրենը գրել էր նամակ՝ լի քնարական զեղումներով)։ Իսկ եթե կողմնակի ենթական միաժամանակ կարող է գիտակցվել նաև որպես հատկացուցիչ, ապա դա էլ սովորական է։ Ահա. Ուսուցչի՝ գրքի մասին հայտնած կարծիքը ճիշտ դուրս եկավ. այստեղ ուսուցչին և՛ կողմնակի ենթակա է գիտակցվում, և՛ հատկացուցիչ, որովհետև այն թե՛ հայտնած-ի լրացում կարող է գիտակցվել, թե՛ կարծիք բառի: Այժմ երկու խոսք բաղադրյալ ենթակայի մասին: Հայտնի է, որ նախադասության անդամը կարող է արտահայտվել թե՛ մեկ բառով (մենանդամ), թե՛ մեկից ավելի բառերով՝ բառակապակցությամբ (բազմանդամ)։ Հարցը մասնավորելով ենթակային՝ նշենք, որ այն ևս կարող է լինել և՛ մենանդամ, և՛ բազմանդամ։ Մենանդամները պարզ են, մանավանդ որ օրինակներ շատ են բերվել (Երևանն օրեցօր զարգանում է...)։