դ) միջանկյալ բառերի շարադասությունը և կետադրությունը՝ կապված նախադասությունները երանգավորող վերաբերականների հետ:
Բոլոր տեսակի հանձնարարությունները տալիս ուսուցիչը կարող է ընտրել համապատասխան վարժություններ՝ օգտվելով նաև այն «տեսականուց», որ ներկայացրել ենք այս կամ այն դասանյութի ուսուցման բաժնում:
Իսկ այժմ երկու խոսք ձայնարկության մասին:
Ձայնարկությունները, ինչպես հայտնի է, նման են վերաբերականներին: Երկու խոսքի մասերի մեջ մտնող բառերն էլ ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը, խոսքի մասեր են, որոնց պատկանող բառերը նախադասության անդամ չեն դառնում և այլն:
Այսուհանդերձ, նրանք տարբեր են նրանով, որ եթե վերաբերականները ցույց են տալիս խոսողի դատողական, մտածողական-գնահատող վերաբերմունքը, ապա ձայնարկությունները՝ զգացողական վերաբերմունքը (նաև կոչական և բնաձայնական բառեր են, որոնց մասին, պարզ է, աշակերտները ժամանակին գիտելիքներ են ստացել):
Ձայնարկությունները իրենց ձևավորմամբ ու կազմավորմամբ հակադրվում են վերաբերականներին. եթե վերաբերականներն անցել են պատմական երկար ճանապարհ, առաջացել են նյութական բովանդակություն ունեցող բառերի (տարբեր խոսքի մասերի) իմաստային մթագնումից, քերականական հատկանիշների կորստյան ուղիով, ապա ձայնարկությունները (մի քանի բացառությամբ) նման ճանապարհ չեն անցել: Բավական է ասել, որ ամեն մի ձայնավոր հնչյուն, ապա ձայնավոր ու բաղաձայն համապատասխան հնչյուններ, որոշակի հնչերանգ ստանալով, կարող են բառ ձևավորել, ձայնարկություն կազմավորել: Սրանց մեջ են մտնում, անշուշտ, նաև այն բառերը, որոնք բնաձայնություններ են կամ կոչական արտահայտություններ:
Կոչականներն իրենց կազմությամբ հակադրվում են ոչ միայն վերաբերականներին, այլև մյուս բոլոր խոսքի մասերին. ձայնարկությունները ամենասակավահնչյուն բառախմբերն են ներկայացնում և իրենց որոշակի, ընդգծված հնչերանգով ևս հակադրվում են բոլոր բառախմբերին (խոսքի մասերին):