Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/40

Այս էջը հաստատված է

Ու վճիտ աչք ցամաք լացի,

Արդարության ահեղ ատյան,

Սրի պատյան,

Սիրո մատյան——
                                                                                                                                       
Միշտ հին ու նոր մի Հայաստան


Համապատասխան վերլուծության ենթարկելով բանաստեղծությունը (մի հատվածը)՝ ուսուցիչը կանգ է առնում այդ հայաշունչ քերթվածքի հատկապես ոճական հյուսվածքի վրա, նրբորեն մեկնաբանում զեղչման հետևանքով ստեղծված բանաստեղծական վսեմությունը, դիպուկությունը, ընդգծուն գեղեցկությունը...

Այժմ երկու խոսք փոխանուն ստորոգելիի մասին: Պատահում են դեպքեր, երբ խոսքում հանդիպում են բաղադրյալ ստորոգյալների, որոնց ստորոգելիները փոխանուններ են: Ահա. Այս գիրքը Հրանտինն է: Իմ գրիչը կապույտն է... Ի դեպ, մեր լեզվաբանության մեջ հայտնել են նաև այնպիսի կարծիքներ, թե փոխանունները հանդես են գալիս սեռական հոլովաձևով, որն էլ, ըստ այդ գիտնականների, տրականից տարբերվում է իր կրկնակ հոդերով և այլն:

Ահա մի այդպիսի կարծիք. «Երբ սեռականը մի նոր հիմնական իմաստ ստանալով (փոխանուն սեռական դառնալով) հարկադրված է լինում հոդ ընդունել, նա ընդունում է միաժամանակ երկու հոդ (ն և ը), որով կրկին տարբերվում է տրականից, քանի որ այս վերջինս երբեք երկու հոդ ընդունել չի կարող, օրինակ՝ Սուրենինը, պատինը, մարդունը: Ըստ որում, փոխանուն սեռականն իր հոդերից մեկը (ն) պահում է նաև բոլոր թեք հոլովների մեջ»[1]:

Այս մտքերին դժվար է համաձայնել: Խնդիրն այն է, որ այդ փոխանունները («փոխանուն սեռականները») իրենց մեջ ներառնում են հատկացուցչի իմաստային՝ բովանդակային կողմերը, ընդ որում, հատկացյալը, ինչպես նաև՝ որոշյալը. կարմիր մեխակը՝ կարմիրը, սպիտակ վարդը՝ սպիտակը, խիզախ զինվորը՝ խիզախը և այլն, իրենց «ձևային-ձևաբանական կամքն են թելադրում «այդ

  1. Գ. Սևակ, ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, 1955, էջ 261