Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/97

Այս էջը հաստատված է

(նույնն է) նախորդ նախադասության բայ-ստորոգյալով (ստորոգման քերականական արտահայտություն), իսկ հնչերանգային ավարտը, պարզ է, առկա է նախադասության (հենց իրենց) վերջում: Փաստորեն Գրիգորը և Արտակ Արամյանը արտահայտությունները նշանակում են` «բացակայում է Արտակ Արամյանը»:

Ուրեմն` «թերի նախադասություններ» թեման անցնելիս ուսուցիչը նախապես ընտրում է բնագրային տեքստը` հագեցված հարցական, պատասխանական նախադասություններով (վերջիններս պիտի արտահայտված լինեն գոյականներով): Ահա հենց այդ տեքստի վրա էլ կատարվում է աշխատանքը` աշակերտների «ակտիվ միջամտությամբ»: Շեշտը դրվում է հետևյալ հանգուցային կետերի վրա.

1. Պատասխանական թերի նախադասություններն արտահայտվում են նաև գոյականներով, որովհետև նախադասության գրեթե բոլոր անդամները կարող են արտահայտվել այդ խոսքի մասով:

2. Այդ բառերը (գոյականները) հաղորդակցական ոլորտում ձեռք են բերում ստորոգում, ավելի ճիշտ` ստորոգում արտահայտող բառը (բայ-ստորոգյալը) ստորոգման հատկանիշը որդեգրում է նախորդ նախադասություններից: Օրինակ`

- Ի՞նչ ես կորցրել, Սուրե՛ն:

- Մատի՛տ:

Վերջինս նշանակում է` «մատիտ եմ կորցրել»: Նման օրինակներ հեշտությամբ ասում են նաև աշակերտները:

3. Նայած ի՞նչ (ինչի մասին) են հարցնում, ըստ այդմ էլ լինում է պատասխանը, այսինքն` հարցին համապատասխանող նախադասությունը կատարում է բոլոր այն պաշտոնները, որոնց մասին հարցնում է խոսողը: Օրինակ`

- Ո՞վ է գնացել նոր Զելանդիա:

- Հասմիկ Սարգսյանը:

- Իսկ ո՞վ է վերադարձել ԱՄՆ-ից:

- Գագիկ Գրիգորյանը:

Պարզ է, որ նշվածները ենթակայի պաշտոն են կատարում: Իսկ, ասենք, հետևյալ օրինակներում նրանք կատարում են հատկացուցչի, ուղիղ խնդրի և տեղի պարագայի պաշտոն.

- Ու՞մ գրիչն է ընկել: