Այս էջը սրբագրված է

ու զրույց լինելուց հետո, նրանք խլշում էին ականջները, մահակի կոթն ավելի պինդ սեղմում և մյուսների հետ վազում Ծիրանի տափը, եթե հավարն ընկներ, որ Մրոցի չոբանները ոչխարն ու տավարը քշել են ձորի կողմը։

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։


* * *

Ոչ ոք չէր հիշում՝ ոչ Մրոցում, ոչ էլ Միրում, թե երբ ծագեց առաջին թշնամությունը Ծիրանի տափի համար։

Եթե Մրոցին էին հարցնում, հազար ու մի պատմություն էին անում, թե իրենցն է Ծիրանի տափը, «ինջինների» ձեռքով քաշած պլան ունեն, թղթեր կան։

— Էս է, ես իմ ձեռքերով եմ էնտեղ կուրգանի[1] քարերը սահմանի վրա շարել․․․

— Իմ միտս է, որ հորս ոչխարը գիշերն էլ էր Ծիրանի տափում մնում։

— Միրի սահմանը Ծիրանի տափից էլ շատ դենն ա․․․ էն մեր հայրական հողն ա…

Իհարկե, Մրոցը միայն այդ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին։ Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը՝ հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է։ Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին, բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատա նրա ասածին։ Չէ՞ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն էլ ավելի լայնացնելու մասին։

  1. կուրգան— բլուր