Այս էջը սրբագրված է


Բայց վեճը շատ խոսելը և բարձր կանչելը չէր որոշում։ Չինովնիկի գնալուց հետո Մրոցում շշուկով և շատ ծածուկ իրար մեջ հավաքում էին այն գումարը, որի մասին գիշերվա կերուխումի ժամանակ ակնարկել էր քաղաքից եկած «մեծավորը» և ավելացրել․

― Ձեր օգտի համար եմ ասում, դուք գիտեք, մենակ ինձ համար չեմ ուզում։

Չինովնիկը Միր էլ էր գնում։ Ներքի գյուղն աշխատում էր ավելի ճոխ ընդունել նրան, սրա-նրա տնից հավաքում էին հարմար իրեր, մի տնից մաքուր բարձ, մյուսից՝ գյուղի միակ լավ կարպետը, տունը զարդարում, հարսերի վրա բարկանում, որ փոշի չանեն, ապա, սենյակը սարքելուց, խոնարհ գլուխ տալիս եկվորին, ներս տանում։

Ոմանք եկողների ձիերն էին տեղավորում, գարի տալիս և խոնարհաբար ռամկի խեղճությամբ ժպտում մեծավորի պահակի առաջ, նրան էլ լավություն անում մտածելով, որ գուցե այդ էլ օգնի Ծիրանի տափի անվերջ վեճին։

Միրում էլ էին բարձր ձայնով կանչում, աղմկում։ Նրանք գիտեին, թե ինչ են ասել վերի գյուղում, հերքում էին «պլանի» պատմությունը, մեկը մոտենում էր, իր ճղած գլուխը ցույց տալիս, պատմում, թե ինչպես են Մրոցի գյուղացիք մահակով խփել, մյուսը՝ հարևաններին բոթելով երեխային էր առաջ հրում, բաց անում ոտքը և շան կծած վերքերը ցույց տալիս։

Երեխան զարմացած և վախով նայում էր չինովնիկի պսպղուն կոճակներին, հայրը նրա ոտից պինդ բռնած բարձրացնում էր երեխային, որ «մեծավորը» ավելի լավ տեսնի։ Իսկ չինովնիկի աչքերը երեխայի ոտի սպիներից սահում էին գետնի գունավոր կարպետին և մտքում գին դնում կարպետին, կարպետը համեմատում Մրոցի խոստացած կաշառքի հետ։

Զարմանք էլ չէր, եթե մյուս օրը, Մրոցի աչքից անտես պահելու համար, Միրից մի քանի հոգի, գիշերվա կարպետը թաղիքի մեջ փաթաթած տանում էին քաղաք, չինովնիկի տունը։ Միրում էլ էին շշուկով ինքնատուրք նշանակում, կարպետի գինը տալիս տիրոջը, որ հարս ու աղջիկ ձմռան գիշերներին