Այս էջը սրբագրված է

շտաբը քաղաքի հետ գրաված համարեց և հեռու ձորերը, որոնցից մեկումն ընկած էին Մրոցն ու Միրը։

Հարկավոր էլ չէր զորք ուղարկել, ոչ էլ թնդանոթ։ Տեղացի մի ագիտատոր անցավ ձորերով և պատմեց այն, ինչի մասին լսել էին ձորի գյուղերում։

Հենց որ լուր եկավ, թե գավառական քաղաքից փախել են նրանք, որոնցից ոմանք առաջվա չինովնիկի պես էին մտածում Ծիրանի տափի խնդիրը որոշելիս, երկու գյուղն էլ ականջները խլշեցին նոր օրերի լուրերին, աչքերի առաջ Ծիրանի տափը։

Եվ ձորերում քարոզող ագիտատորը հենց որ Միր գնաց և ընդարձակ կալում հավաքված ժողովրդին ճառ ասաց, ձեռքերն օդում ճոճելով, զայրացած մի քանի անգամ կրկնեց «արնախումնե՛ր, գիշատիչնե՛ր»․ Միրում շատերն այնպես հասկացան, թե այդ բառերը վերի գյուղին են ուղղված։ Ճառից հետո եկվորին շրջապատեցին գյուղացիք, և առաջին հարցը Ծիրանի տափի մասին եղավ. պատասխանը՝ թե «հողն աշխատավորին»— ավելի երկմիտ դարձրեց Միրի բնակիչներին։ Ագիտատորի գնալուց հետո գյուղում ոմանք նրա պատասխանը հօգուտ Մրոցի էին մեկնաբանում։

Նույն ճառը կրկնվեց և Մրոցում։ Այնտեղ էլ ժողովուրդը խլշած ականջներով լսեց նրան, և երբ ագիտատորը հողահավասարման անունը տվեց, բազմությունը շարժվեց, թեև մարդիկ կային, որոնց մտքերը հեռու էին, ցնցվեցին, մոտեցան խոսողին։ Շատ մարդ էր լսում նրան, և այդ րոպեին Մրոցում ոչ մի ուղեղ չկար, որի ծալքերում Ծիրանի տափի պատմությունը չդառնար շվաքի պես։ Լսելուց հետո շատերը խոսեցին Ծիրանի տափի մասին։

Կեսգիշերին Մրոցում մի քանի մարդիկ խոսում էին կտուրի վրա, որի տակ քուրսու վրա քնել էր ագիտատորը։

— Հը՞, ի՞նչ անենք․․․

— Չի վերցնի, հերսոտ ա…

— Բա էդպես գնա՞, ախր լավ չի լինի…

Առավոտյան, երբ քաղաքից եկած ընկերը ձին նստեց ուրիշ գյուղ գնալու, նրան բարի ճանապարհ ասացին, մոտեցան ձեռք տվին։