Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/10

Այս էջը սրբագրված է

Այդ գիրքերու գիրքը՝ Նարեկը, որ դարեր դարձավ հայ մարդուն բարձի գիրքը, հայ հիվանդին բժիշկը։

Եվ եթե Շահնուր պարսավեց զայն, ինչպես շատեր պարսավեցին քարոտ Հայաստանը, ժայռերը մեր դժբախտությունը նկատելով, այսօր և իր պարսաված օրերուն ալ Շահնուր լավ գիտեր Նարեկի՝ «Մատյան ողբերգության» արժանիքը. ինչպես քարոտ Հայաստանին օրհնությունը գիտենք բոլորս այսօր։

Նարեկա վանք, Նարեկա վանքի կանգուն մնացած միակ պատ, արդյո՞ք քու առջևդ է, որ եկավ ծունկի գալ Նարեկացիեն դարեր վերջ Նարեկացին պաշտող ուրիշ հայ մը՝ Նիկոլ Աղբալյանը, երբ օր մը եկած էր իր ընկերներով կազմակերպելու Արևմտյան Հայաստանի պաշտպանության գործը։

Աղթամար ու Նարեկ. ընդամենը իրարմեն հինգ քիլոմետր հեռու․ Մեծ ու Փոքր Մասիսներու նման եղած են երկու գագաթ՝ մեկը ծովու մեջ փայլող կապույտ ուլունք, մյուսը՝ այգեստաններու կանանչին մեջ կորսված աստվածամերձ հզոր մատյան։

Դարձյալ աչքերուս առջևն ես Վարագա վանք։ Երբ քեզ այցելեցինք, ոչ Խրիմյան Հայրիկը գտանք, ոչ իր հիմնած ապարանը, ոչ իր հրատարակած Արծիվ Վասպուրականին․ փլատակներ անգամ չգտանք, այլ գտանք վանքին քարերեն մեկ քանին քուրտ գյուղացիներու կառուցած խեղճ ու կրակ տուներու պատերուն մեջ։

Ո՞ւր էր Խրիմյան Հայրիկը, ո՛ւր էր Անոր պատգամը, երբ Մեծ Հայը հայ գյուղացին կպսակեր նաև հայ հողին հետ, որպեսզի հայը չբաժնվեր իր դարավոր հայրենիքեն։

Շուշանց գյուղ, բարձրադիր դիրքդ աչքերուս առջևն է։ Բանաստեղծ եղած են քեզ հիմնողները, մեր հայրերը։ Քեզմե դեպի Վանա ծովը բացվող տեսարանը բանաստեղծ կրնա դարձնել քարերն անգամ։ Անունդ անփոփոխ մնացած էր։

Վան քաղաք, իսկ ի՛նչ մնացած էր քեզմե։

Դարձյալ աչքերուս առջևն է անկրկնելի Այգեստանը, որուն Էջմիածնագմբեթ եկեղեցին զոհ գացած է ավերիչ ձեռքերու։ Քաղաքամեջը ավերակ է։ Ուրարտական արձանագրությունները ողջ են ու կշարունակեն դարերուն պատմել մեր պապերուն սխրանքները։