Բերդին կատարը գտնվող աշտարակը աչքերուս առջևն է, ուր ծածանած է հայկական դրոշը՝ Վանի ժողովուրդին հաղթանակի օրերուն։ Կարծես այդտեղ ըլլար Արամը, մեր այցելության ժամանակ։ Ան իր ֆիզիքական տկարության դիմաց ուներ հոգեկան անբեկանելի ուժ մը դարերեն եկող, որպես հայ պետական գործիչի տիպար։
Վան, Վասպուրական մեր աշխարհ, ես հատիկ֊հատիկ արձանագրեցի իմ տպավորություններս ասկե հինգ տարի առաջ երբեմն կարկուտի սաստկությամբ, բազմահարյուր հայ մարդերու սիրտերուն վրա. ուզեցի արյունել հայ մարդուն սիրտը, որ արծարծեմ քեզի հանդեպ հայ մարդուն ունեցած անմարելի սիրո կրակը։
Այսօր, քեզ տեսնելես հինգ տարի վերջ, չգրված էջեր կան զորս կուզեմ թուղթին հանձնել։
Վանի ու անոր շրջակայքի մեր պտույտները, ավելի ճիշտ պիտի ըլլա ասել մեր ուխտագնացությունը, որ տևեց միայն յոթն օր, երազի մը նման արագ անցավ։ Բայց անոր գույները մնացին մեր մեջ, մնացին կըսեմ հաստատ կերպով, քանի որ այս տարի, այսինքն 1975-ի մարտին, երբ ես Փարիզ կգտնվեի, դարձյալ իրար մոտ եկանք, մեկ սեղանի շուրջ Վազրիկը, Կարպիսը, Լըռուան, Անուշավանը և ես։
Նույն ջերմությունն էր մեր աչքերուն մեջ, մեր սիրտերուն մեջ, մեր բառերուն մեջ, նույն ապրումները ունեցանք ժամեր, ժամեր...
Արևմտյան Հայաստանի անմոռանալի այս անկյունը այցելելե հետո, ես 1970 սեպտեմբերին Փարիզ֊Մոսկվա երթուղիով հասա Երևան։
Ես Վանեն երազներ բերի Երևան, Աղթամարեն նուշ բերի, Վանա ծովեն՝ ջուր, Արտեր կղզիեն՝ վայրի թռչուններու փետուր, Արտամետի դաշտերեն՝ ծաղիկներ ու Վանի քաղաքամեջեն՝ հող։
Երևան մնացի ամբողջ երկու շաբաթ։ Քիչ է ըսելը, թե այդ օրերուն Երևանի իմ ուսանողական բնակարանս դարձավ ուխտատեղի ոչ միայն վանեցիներու համար, այլ հարյուրավոր հայերու։
Բոլորովին անծանոթ հայորդիներ դուռս կզարնեին ու