աչքերը երեխայի մը աչուկներուն պես արցունքի մեջ սկսան լողալ։
Օր մը Շիրազն էր հեռախոսողը, խիստ շեշտ մը կար ձայնին մեջ, լսեմ կը, պոռաց, եկած ես Վանեն, ջուր ու հող բերած ես Վանեն, այդ հողին ու ջուրին ամենեն առաջ ես արժանի եմ։ Ու փակեց հեռախոսը։
Աղջնակիս, Անիին հետ փոքր շիշ մը ջուր ու հող կղրկեմ Շիրազին ու մեկ քանի նուշ՝ քաղված Աղթամարի ծառերեն։
Գուրգեն Մահարիին կինն է հեռախոսողը. անգլերեն կխոսի, բայց Գուրգեն Խանի գերեզմանին համար պտղունց մը հող ու պուտ մը ջուր կխնդրե։ Գուրգեն Խանը, հայ ժողովուրդին մեծ գրողը, խռոված հոգիով մեկնեցավ այս աշխարհեն, իր ժողովուրդին մեկ մասը չհասկցավ զինք, չհասկցան ոմանք, որ Մահարին կուզեր նոր սերունդին վերադարձնել բռնագրավված Վանը։
Իր այդ սխրանքին համար իմ Գուրգենս խաչակրության ենթարկվեցավ, ժամանակը պիտի հաստատե այդ բոլորը. բայց հիմա, եթե պտղունց մը հող և պուտ մը ջուր դրվե անոր շիրիմին, եկած իր հայրենի հողերեն ու ջուրեն, անոր հոգին պիտի խաղաղի։
Կարելի՞ է մերժել հեռավոր հյուսիսեն մեզի հարս եկած, Սիպերիո սառնամանիքներուն մեջ հիվանդակախ Մահարին խնամած այս կնոջ թախանձագին խնդրանքը։
Անժելա Ստեփանյանն է խոսողը.— Ամէնուն հող բաժնած ես, ջուր բաժնած ես.— Նաիրի Զարյանն ալ վանեցի էր, չէ՞, Խառակոնիս գյուղեն։
Այս մարդն ալ իր վերջին տարիներուն տխուր անցավ իր ծանր, գետինը ցնցող քայլերով Երևանի փողոցներեն։
Պատմությունը հաճախ սխալ գրված է ու պիտի շարունակվի սխալ գրվիլ՝ ըստ գրողին հայեցողության։
Թող ապագան դատե Նաիրի Զարյան մարդը։
Բայց թե Նաիրի Զարյան վանեցին օժտված բանաստեղծ էր, օժտված թատերագիր, օժտված արձակագիր, այդ մասին երկու կարծիք չի կրնար ըլլալ զինք սիրողներուն և չսիրողներուն կողմե...
Ո՞ր հայը հպարտությամբ չարտասաներ բանաստեղծին «Հայոց լեզուն»։