Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/15

Այս էջը սրբագրված է

Արամյանը կխնդա։ Խորունկ մարդ էր, բայց, կըսե ու կշարունակե— Գիտե՞ս, թե Խերանյանը մեծ վանեցի մըն է, իրեն համար անպայման հող ու ջուր վերապահելու ես։ Մեծ Նարեկացին աշխարհաբարի թարգմանողին կարելի չէր զլանալ ափ մը հայրենի հող ու ջուր Վանա ծովեն։

Վան երթալով ու Երևան վերադառնալով հասկցա, որ Իշխանին կինը, Վանի շրջանին ու լեռնաստանի շրջանին մեջ աշխատած Իշխանին կինն ու զավակները կգտնվին Թիֆլիս, Արամին աղջիկը դասախոս է Երևանի համալսարենեն ներս։ Ապրող պատմություն մը կար մեր վերանորոգ երկրին մեջ։

Չեմ կրնար մոռնալ արցունքները արտամետցի գրողի մը «Գարուն» ամսագիրի խմբագրատան մեջ, ուր խումբ մը գրողներու և լրագրողներու կպատմեի ապրումներս Վանեն, Շուշանցեն, Նարեկեն, Արտամետեն...

Երևանի մեջ ապրող ամեն հայու սիրտին մեջ Վան մը գտա, անկործան Վան մը, անկորնչելի Վան մը։

Խումբ մը հայ գրողներ հյուր եկած են մեզի։ Սեղանը, մանավանդ արարատյան արևով ոսկերիզված հայկական քոնյաքը, աղանդերն է խոսքին։ Ու մենք, շուրջ տաս հոգի, ժամեր կխոսինք։ Մեր գրողները այնպիսի կարոտ մը ունին Վանի հանդեպ, որ կարծես հոն ծնած ըլլային, իրենց մանկությունն ու պատանեկությունը Այգեստանի մեջ անցուցած ըլլային։ Կհարցնեն ամեն քարի ու թուփի մասին։ Կհարցնեն անցյալին անուն ունեցող հայերու բնակարաններուն մասին։ Կհարցնեն մեր տեսակցություններուն մասին թուրքերուն հետ, անոնց մտավորական մակարդակին մասին։ Ուրեմն Վարագա վանքը հիմնահատակ կործանա՞ծ է։ Վարագա գյուղին գերեզմանատան մեջ ուրեմն մնացած են ընդամենը տասնյակ մը գերեզմանաքարեր։

Այո՛, գյուղացիները պատրաստի տաշված այդ քարերը օգտագործած են իրենց բնակարաններու կառուցումին համար։

Տան մը պատին վրա կկարդամ՝ Օհաննես 1911։ Ո՞վ էր արդյոք այդ Օհաննեսը, որ մահացած է Վարագա գյուղին մեջ 1911-ին և որ կհամառի ապրիլ մինչև այսօր թուրք գյուղացիի մը տան պատին մեջ՝ օգնելով անոր— այդ գյուղացին