Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/16

Այս էջը սրբագրված է

կրնա Օհաննեսին զավակները սպաննած ըլլալ– որ պատսպարվի ցուրտեն ու տաքեն։

Օհաննեսը շիրիմ մը ունեցած է, զոր քանդած են։ Օհաննեսը հայ ծեսով գերեզման դրված է, զոր քանդած են. բայց Օհաննեսը մինչև այսօր կապրի շնորհիվ իր շիրմաքարին։

Բայց որո՞նք էին Օհաննեսին զավակները, արդյոք անոնք գերեզման ունեցա՞ն. Հայկական լեռնաշխարհի ո՛ր հովիտին մեջ, ո՛ր լեռնանցքի վրա թուրքը զանոնք հոշոտեց։

Խոսիլը քիչ է. գրե, կըսեն տղաքը, այս բոլորը գրե. յուրաքանչյուր դեպք պատմվածք մըն է։ Գրե՛, խոսելով մի սպառեր տեսածներդ, զգացածներդ, ապրումներդ։

Չեմ մոռանար երևանցի քուրտ դասընկերոջս՝ Հասոյին հետ ունեցած վեճս։ Վանը մերն է, կըսեր այդ երիտասարդը։ Վանը մերն է։ Ու շեշտված այս խոսքը կկրկներ հայերեն լեզվով ու կշարունակեր իր փաստարկները.— Վանը մերն է, որովհետև Վանի այսօրվան ժողովուրդին մեծ տոկոսը մեր հայրենակիցներեն կբաղկանա։ Գացիր ու տեսար չէ՞։ Հողը կպատկանի անոր, կշարունակեր Հասոն, որ այդ հողին վրա կապրի, կաշխատի, կստեղծագործե։

Սքանչելի տրամաբանություն։

Հասո, ըսի իրեն, կանդրադառնա՞ս, որ Վանը մերն է, երբ կըսես, քուրտերեն չէ, որ կխոսիս, այլ հայերեն։ Ո՛վ քեզի կայք տվավ մեր երկրին մեջ, Հայաստանի մեջ, գուցե դուն վաղը ըսես, թե Արագածն ալ քուրտերուն է, քանի որ հայ ժողովուրդը թույլ տված է, որ ափ մը քուրտեր Արագածի լանջերուն կյանք հաստատեն, ապրին, աշխատին ու ստեղծագործեն։

Երբ մեր լեզվով Վան քուրտերուն է կըսես, լեղի վիճարանությամբ մը, այդ երախտիքի խոսք է կերևի քու կողմեդ, բզկտված Հայաստանին համար։

Ճիշտ ես, ներկայիս Վանի բնակչության մեծ տոկոսը քուրտերե կբաղկանա, Շուշանցը զուտ քրտական բնակչություն ունի, Վարագը նույնպես, Արաամետը նույնպես, Նարեկը նույնպես։ Բայց չէ որ դուն ալ գիտես, թե կես դար առաջ այդ գյուղերը հայկական էին. այդ գյուղերեն ոմանք մինչև այսօր կպահեն իրենց հայաբույր անունը։

Դուն, ծնած ու մեծցած ըլլալով հայ հողին վրա, որ