Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/183

Այս էջը սրբագրված է

Հետո, ահա քելեր, ցոլեր
Լեռնապարը մեր Սևանի․․․
Հոն, ուր հոգիդ պիտի լողար
Արշալույսվող կապույտին մեջ,
Օրերուն հետ ահա դարձավ
Խնձորենի կարկտահար,
Ու թավալվող ձյունագնդակ․․․
Իջավ քաղաք, քաղաքամա՛յր,
Ու դուն արև տեսար պայծառ
Ու արևի ջերմության հետ
Գարշապարներ հելուզակի․․․

Սուլ,Սուլամի, Սուլամիդա,
Աղբյուրներու մոտեն անցար
Չհագեցած ու միշտ ծարավ․
Բայց քանի որ Սուլամիդա,
Քնած էիր դուն թևավոր,
Թռար,թռար,թևատ արծիվ,
Դեպի ափերը Սենայի
Ուր թե՛ կապրիս, թե՛ կերազես
Դուն քեզ հանձնած անդարձորեն
Տարիներու, ժամանակի
Այն սրընթաց շոգեկառքին,
Որ կտանի քեզ, քեզի հետ
Երազներդ անկողոպուտ։

Դուն որ, Մարի, Մարի, Մարի
Ծնած է իր երգ բաժնելու
Ու բաժնելու ժպիտ ու սեր,
Կուզը տեսա՞ր Նոթր Տամի
Շքեղաշուք Փարիզի մեջ,
Արև գտա՞ր, Սուլամիդա,
Ոստանին մեջ այդ փողփողեջ,
Թե՞ թափելով ուռենիի
Վարսերդ քու եթերային
Ջուրերուն վրա Սենա գետի,
Կոմիտասին դարձար ընկեր․․․