Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/19

Այս էջը սրբագրված է

կա, Վարագա վանք մը կա, Աղթամար մը կա, անկրկնելի Աղթամար մը։

Հալեպի մեջ Վանի համար լացող վանեցիի հանդիպած եմ։ Լաթաքիո մեջ նույնպես, Աթենքի մեջ նույնպես, Մարսիլիո ու Լոնտոնի մեջ նույնպես։ Ամենեն շատ հանդիպած եմ Պաղտատի մեջ։

Բայց ահա այս տարի, 1975֊ի մարտ ամսուն կրկին Փարիզ մեկնելով ինծի սիրելի Կարպիսենց տան մեջ, վանեցիի տան մեջ, տեսա Վանի այն կատուն, թավամազ կատուն, զոր 1970֊ի օգոստոսին գնեցինք, տակավին ձագ, թուրք տղայե մը։

Կարպիսը այն ժամանակ ըսած Էր.– Վանեցի տարագիր մըն ալ ավելցավ։

Այն օրերուն Վանի թավամազ կատուն վայրի բան մը ուներ իր նայվածքին ու շարժուձևերուն մեջ։ Հինգ տարի հետո վարժված է փարիզյան կյանքին, ընտանեցած, հափրացած...

Վանի կատուն կորսնցուցած Է իր վայրի նայվածքը։

Բայց վանեցի հայը իր կատվին պես եթե ընտանենա, իր վայրի սերը կորսնցնե մեր Վանին հանդեպ, այն ատեն Է, որ մեր Վանը կորսնցուցած կըլլանք։

Հայրենի հողին վրա այդ սերը կմնա վայրի. Վանը կապրի, պիտի ապրի Երևանով։ Փարիզը, Աթենքը, Պաղտատը, Պասրան, Պեյրութը, Լոս Անճելոսը կրնան օգնել Վանին. բայց զայն պահողը, ազատողը, վերականգնողը պիտի ըլլա Երևանը, այս միտքերուս ուժ տվողը, հաստատողը երևանցի հայերը եղան Վանեն Երևան վերադարձիս իրենց բանվորով ու մտավորականով...

Վան, Վասպուրական մեր աշխարհ,
— Առանց գութան աշխարհն ինչ Էր։
Դուն հայ գութանին կարոտ ես,
Հայը քեզի կարոտ է։

Այնքան ատեն որ կարոտը կա, կարոտի ահագնության չափ կարոտին հասնելու ձգտումը կա։

Առայժմ մեր կարոտն է, որ կմեծնա ծավալով ու խորությամբ։

Դամասկոս, 28 նոյեմբեր 1975