Այս դարը մեր մեծ, դարը մեր պայծառ,
Որուն ամպամած երկինքին վրա
Լենինը շողաց որպես ծիածան,
Վարար անձրևն իր միշտ պիտի տեղա՝
Սառյալ հյուսիսեն մինչ գերյալ հարավ,
Մինչև որ վերջին բանվորը հանքի,
Վերջին գյուղացին մեր այգին էտող
Իր ու թոռներուն այգաբացն ապրի։
Բայց վերադառնալ քարայրի՞ն խոնավ,
Այդ ալ մե՞ր դարուն ու մե՞ր իսկ ոտքով,
Այո, բայց միայն դասագիրքերու
Էջերուն վրա մաշած ու մաշվող...
Զի երդումս իմ, որուն վկան ես
Չիլիցի պայծառ ու մեծ բանաստեղծ,
Երդում չէ միայն մեկ սիրտե բխած,
Այլ սիրտերե բյուր ուղխորեն ժայթքած։
Ահա ձայնիս մեջ շեշտեր կան, լսե՛,
Երկրիդ լեռներեն, լիճերեն կապույտ,
Եթովպական սույլ ու անկոլական
Հանքափորերու քայլերգեն նոթեր,
Ափրիկյան շքերթ ու արաբական
Նժույգի խրխինջ կլսես հիմա
Իմ երդումիս մեջ տիեզերական
Ու քու վախերուդ ու քու բողոքիդ
Ու քու պայքարիդ վանկարկումին դեմ
Վրեժի հազար սյուներ հրեղեն,
Կրակը որոնց ոչ մեկ օվկիանի
Կամ օվկիաններու ջուրով կը մարի...
Ժպտեցար հանկարծ Նիկանոր Բարրա,
Ու տեսադաշտեն քու պերճ հոգիիդ
Ընդմիշտ հեռացավ քարայրը նսեմ,
Ու ձեռքերը մեր, ձեռքեր միլիոնի,
Նորոգ երդումով սեղմեցին իրար,
Մինչ Մասիսներու գագաթներեն զույգ՝
Լույս աղբյուրներ կարծես հոսեցան,
Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/190
Այս էջը սրբագրված է