Լուսնի լույսը կփշրվեր օդանավի ձախ թևին վրա ու կտարածվեր անսահմանության խորը։
Ամփոփված Էի բազկաթոռիս մեջ, գոտին կապած ոչ թե իյնալու, լուսնի լույսին նման փշրվելու վախեն, այլ մեքենաբար, օրենք մը հարգած ըլլալու համար։
Աչքերս լուսամուտեն չէին հեռանար։ Վարը լեռներ ու դաշտեր կային, գետեր ու մարդիկ կային, անտառներ, վայրի ու ընտանի կենդանիներ։
Տեսողությունս մշուշվեցավ։ Ավելի ևս ամփոփվեցա։ Հիմա մտապատկերներուս հետ եմ։ Ավելի ճիշտը, կհամադրեմ, ընդհանուր հայտարարի մը կբերեմ շաբթվան ճամփորդությունս, որ ուղևորութենե ավելի եղավ ուխտագնացություն մը տրված վաղնջական այն վայրին, որ երկիր Հայաստան կոչվեցավ դարեր, որուն ապառաժներուն վրա ու բնիկներու կուրծքին՝ իրենց սուրերն ու յաթաղանները փորձեցին Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը, վաչկատունն ու նստակյացը, քրիստոնյան ու այլադավանը, ով որ կրցավ։
Լուսամուտը իր մութ խորության մեջեն ցոլացուր օդանավին մեջ սպասարկող աղջկան կարմիր հագուստը։ Այդ հագուստը ավելի ևս մոտեցավ իմ նստած շարքիս։ Րոպեապես աչքերուս առջև գծագրվեցան մեր այրվող գյուղերը, այրվող եկեղեցիները, այրվող մագաղաթյա մատյանները, փլցվող ճարտարապետական կոթողները...
Թուրք աղջկան անուշ ձայնը սթափեցուր զիս։ Այո, անուշ